Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ 2008-ին, երբ ընտրվեց ՀՀ նախագահ, ՀՀ-ին սպառնում էին պատժամիջոցներով, հիմա խոսում են ձեռքբերումների մասին

Հունվար 24,2018 17:44

«Հայաստանն ապացուցեց, որ ի զորու է համատեղել տարբեր միջազգային կառույցներում իր ներգրավումը՝ դառնալով համագործակցության օրինակելի մոդել»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵԽԽՎ ամբիոնից իր ելույթում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ՀՀ նախագահը հայտարարեց՝ մենք երբեք չէինք հաշտվել Արցախն Ադրբեջանին բռնակցելու՝ Ստալինի որոշման հետ: Այդ թեման ամփոփելով՝ պարոն Սարգսյանը, հիշեցնելով ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հայտարարությունը, թե Եվրոպայում չպետք է լինեն գորշ գոտիներ, երբ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, հայտարարեց. «Հեռու չէ այն օրը, երբ Արցախի կողքին կկանգնի նաև այս կազմակերպությունը: Արցախի բնակչությունը վաղուց այդ իրավունքը վաստակել է»:

Նորվեգացի պատվիրակ Շյու Ինյերը ՀՀ նախագահին հարց հղեց՝ հիշեցնելով, թե լրանում է նրա պաշտոնավարման 10 տարին, ի՞նչ ձեռքբերումների մասին կարող է խոսել: Սերժ Սարգսյանը պատասխանեց օրինակով. «2008-ին, երբ ընտրվեցի ՀՀ նախագահ, մենք մեծ մարտահրավերներ ունեինք և լարված հարաբերություններ կոնկրետ ԵԽ-ի հետ: Մեզ սպառնում էին պատժամիջոցներով: Դրանից տասը տարի անց խոսում ենք Հայաստանի ձեռքբերումների մասին: Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում անկախ նրանից եվրոպացիներն այդպիսին համարում են, թե ոչ: Մեր համագործակցությունը բխում է մեր համոզմունքից, և որևէ մեկը մեզ չի պարտադրում»:

Գերմանացի պատվիրակ Դորիս Բարնետը հարցրեց՝ ինչո՞վ կարող են օգտակար լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Սերժ Սարգսյանը հայտնեց՝ մենք խնդրում ենք բոլորին կողմերին բերել իրատեսական դաշտ, այնուհետև պատասխանեց. «Բանակցությունների խոչընդոտ է Ադրբեջանի առավելապաշտական և ոչ իրատեսական ակնկալիքները բանակցությունների ելքից: Եթե միջազգային հանրությունը կարողանա օգնել Ադրբեջանին ազատվելու պատրանքներից և գալու իրատեսական դաշտ, կարծում եմ կարճ ժամանակում կարող են հասնել մեծ հաջողությունների: Ցավոք, ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում»:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների բերանից հնչեց այն հայտարարությունը, որ դա իրենց հայտարարությունը չէ, այլ համանախագահների, և որ ԼՂՀ խնդիրը Ադրբեջանի ներսի գործն է: Այնուհետև ՀՀ նախագահը Վեհաժողովի առաջ ընդգծեց. «Նման պարագաներում ակնկալել շուտափույթ լուծում, իրատեսական չէ»:

Թուրքիայի պատվիրակ Յիլդիրիմ Թուգրուլ Թուրկեսը հարցեց՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցում ՀՀ-ն չի՞ պատրաստվում մարտին նախագահի ընտրությունից հետո քայլեր ձեռնարկել: ՀՀ նախագահը պատասխանեց. «Մենք լավ չենք հասկանում թուրքական կողմի պահանջը որևէ քայլ կատարելու առումով: Իմ ընտրվելուց հետո նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում, և արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահի և իմ միջև: Մինչ բանակցություններ սկսելը և հենց բանակցությունների արդյունք հանդիսացող այդ փաստաթղթերում հստակ ամրագրված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Մինչդեռ արձանագրությունների ստորագրումից հետո թուրքական կողմը փորձում է նախապայմաններ առաջադրել: Մենք միջազգային պրակտիկայում նման օրինակի չենք հանդիպել, բոլոր պայմանները բանակցվում են մինչև փաստաթղթի ստորագրումը: Դրանից հետո էլ բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները: Ինը տարի անց թուրքական կողմից լսում ենք՝ ինչ-որ քայլեր ձեռնարկելու առաջարկություն: Մենք երբեք որևէ նախապայմաններ չենք կարող ընդունել: Այո, Թուրքիան հզոր պետություն է, հսկայական ներուժ ունի, և ՀՀ ներուժը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան պետք է ուժի դիրքերից խոսի: Եթե այդպես լինի, շատ ավելի հզոր երկրներ կան, որ նրա հետ պետք է խոսեն ուժի դիրքերից»:

Սերժ Սարգսյանը հայտնեց, որ մինչև գարուն ՀՀ-ն հայ-թուրքական արձանագրությունները առ ոչինչ է հայտարարելու: Այնուհետև նշեց, թե ճիշտ կլինի, որ Թուրքիան տարածաշրջանում փխրուն կայունությունը պահպանելու համար հրաժարվի միանշանակ Ադրբեջանին սատարելու քաղաքականությունից: Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ 2016-ին Թուրքիան աշխարհի միակ պետությունն էր, որ սատարեց Ադրբեջանի ռազմական գործողություններին:

Ամփոփելով Սերժ Սարգսյանը նշեց. «Այդ պայմաններում մեր ժողովրդի համար վիրավորական կլինի հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Yıldırım Tuğrul Türkeş – Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշ (Թիւրքեշ):

    yıldırım – թուրքական տարածուած անուն/ազգանուն, ինչպէս իրենց վարչապետինը (Բինալի Յըլդըրըմ): Նշանակում է «կայծակ»:

    ğ տառը թուրքերէնից տառադարձում ենք Ղղ՝ Erdoğan-ԷրդոՂան

    ü = իւ (յու)

    ş = Շշ (աւագ սերունդը կը յիշի նաեւ Ալփարսլան Թիւրքեշին):

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031