Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հունվարի 24-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում անդրադարձավ Ղարաբաղյան շարժմանն ու անկախությանը: «Ղարաբաղյան շարժումը երեւի այն եզակի գաղափարներից էր, որ միավորում էր ազգը բոլոր շերտերով… Իհարկե նաեւ ազատության հոսքը որոշակի նշանակություն ունեցավ: Իմ սերնդի մարդիկ կհիշեն, որ Ղարաբաղյան շարժման սկզբից նկարահանվել էին տեսահոլովակներ եւ տարածում էինք ողջ ԽՍՀՄ-ով մեկ, ես էլ մեր թատրոնի Ղարաբաղ միության նախագահն էի: Ովքեր մասնակցում էին միտինգներին, կհիշեն, որ հայտարարեցինք, թե ծնողները կարող են երեխաներին թողնել թատրոնում, որ չկորչեն, նույնիսկ հատուկ հերթապահություն էինք սահմանել: Իմ մոսկովյան կոլեգաներից մեկը տեսնելով այդ տեսահոլովակները, զարմանքով ասաց, որ դա հզոր հակասովետական շարժում է: Ասացի` բայց այս կոչերի մեջ հակասովետական բան չկա: Ինքը պատասխանեց, որ ուզած շարժում, որի կոչերի մեջ ազատություն կա, արդեն հակասովետական է: Ես կարծում եմ, որ այն տարիներին Ղարաբաղի հարցն ընկալվում էր ընդհանուր ազատության մղումների շրջանակում, որովհետեւ ինքնուրույն ապրելը, սեփական կյանքն ինքնուրույն տնօրինելը ազատության ամենակարեւոր հատկությունն է»,-նշեց արվեստագետը:
Ռուբեն Բաբայանը հավելեց, որ այն տարիներին Ղարաբաղյան շարժումը չէին ընկալում որպես լոկալ գործընթաց, դա համամարդկային ազատության համար մղվող շարժում էր:
Նա նաեւ հիշեցրեց, թե ինչպես ցրվեցին հուժկու ցույցերը. «Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը վերադարձան Մոսկվայից, Զորի Բալայանը հրապարակում ելույթ ունեցավ, եւ ասաց, որ որոշակի խոստումներ տրվել են, ցրվեք, ու եթե մեկ ամսից մեր պահանջները չկատարեն, մենք ավելի հզոր ձեւով կսկսենք շարժումը: Մեկ ամիս անց Երեւանում զորք էր լցված, ոչ ոք չէր կարող հավաքվել հրապարակում, բայց շարժումը չմարեց: Սումգայիթը եւ Բաքուն էլ եկան ապացուցելու, որ նման հարցերը այս շրջապատում առանց արյան չեն լուծվում…Բոլորը հասկացան, որ Ղարաբաղը կմտնի պատերազմի մեջ եւ պետք է կազմակերպել ինքնապաշտպանություն: Ընդ որում, ժողովուրդն այնքան կազմակերպված էր, որ Մոսկվան չէր կարողանում հասկանալ, թե ո՞վ է այս ամեն ինչը կազմակերպում…Հիշում եմ Գորբաչովի զարմանքը Լենինականում, երբ փլատակներից մի երեխա հարցրեց, թե Ղարաբաղի հարցն ինչպե՞ս է լուծվելու»:
Ռուբեն Բաբայանի համոզմամբ, «հանուն երազանքի պայքարում են, ոչ թե գլուխը դնում թախտին ու պառկում»:
Արվեստագետը նաեւ կարծում է, որ մեր թուլությունը գալիս է նրանից, որ ոչ մեկին չենք հավատում. «Սա վատ ախտորոշում է, սա նշանակում է, որ առաջին հերթին քեզ չես հավատում: Իսկ եթե չկա հավատ, ոչ մի բան չի կարող ստեղծվել»:
Անկախության պտուղներին էլ անդրադարձ կատարեց. «Մտավորականությունը, ազգային էլիտան, մենք չենք կարողացել ճիշտ ուղղությամբ տանել ամեն բան, չենք կարողացել Անկախության գաղափարը ընկալել: Անկախության ընկալումը, որպես ոչ թե ինչ-որ սիմվոլիկ հասկացողություն, այլ կենցաղային, անձնական, իմ ընտանիքի, ժողովրդի հետ կապ ունեցող երեւույթ, եւ իմ ճակատագիրը իմ հայրենիքի հետ չբաժանող երեւույթ, չունենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ