Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը հունվարի 24-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում խոսելով Անկախության շարժման մասին` 30 տարի անց, փաստեց, որ դա սկզբում եղել է բնապահպանական շարժում: «Եթե շարունակվեր այդպես, ինչպես մեր ընդդիմության այլ ակցիաները, կմարեր, այնուհետեւ մեկտեղ եկավ Ղարաբաղի հարցը: Ես համոզված եմ, որ «վերեւներում» էր որոշվել , թե ինչ խաղաքարտ պետք է խաղարկվի, դրված է եղել Ջավախքի եւ Ղարաբաղի հարցը, պարզապես Ղարաբաղն է ընդունվել»,-ասաց դրամատուրգը:
Տիկին Խոդիկյանը համոզված է, որ եթե 88-ի սկզբում ժողովրդին ասեին, թե գնալու են անկախության, դժվար թե համաժողովրդական պոռթկում լիներ. «Չեմ կարծում, թե 70 տարի սովետի երկրում հոմոսովետիկուսի գրաքննությամբ ապրող մարդկանց մեծ մասին անկախության գաղափարը կհասցներ այն վիճակին, որ Գորբաչովին ասեին, ինչպե՞ս է լինելու մեր անկախության հարցը… Ղարաբաղի հարցը ամենացավոտ ընկալվող, երկիր կորցրած ժողովրդի էներգիան ճիշտ ուղու վրա դրեց…վերեւում խաղարկվող սցենարը դուրս եկավ հսկողության տակից:
Ես հիշում եմ, երբ մայիսին Մովսես Գորգիսյանը Եռագույն դրոշը բարձրացրեց հրապարակում, ժողովուրդը նստեց, հիշում եմ մի մասը ուրախությունից ու հուզմունքից լաց էր լինում` տեսնելով մեր Եռագույնը, բայց շատերի աչքերում նաեւ վախ կար, թե ի՞նչ է լինելու: Ախր մենք 37, 49 թվականներ անցած ժողովուրդ էինք, դրա համար Անկախության պոռթկումը եկավ ժամանակի ընթացքում: Եվ եթե Ղարաբաղը խաղարկվեց ԽՍՀՄ-ի ծրագրում ինչ-որ դեր կատարելու համար, ապա անկախության գաղափարը ներքին բխում էր: Ցավոք սրտի, քանի որ այն ինքնաբուխ էր, ժողովրդինն էր, ժողովուրդը տեր չկանգնեց Անկախությանը:
Այսօր, որ կանգնած ենք այսպիսի վիճակների առաջ` համընդհանուր արտագաղթ է, ով հնարավորություն ունի, թողնում, փախչում է, սրա արմատը պետք է փնտրենք 30 տարի առաջ, երբ ժողովուրդը իր ինքնապահպանական բնազդը վերածեց հայրենասիրական պոռթկումի եւ տեր կանգնեց Ղարաբաղին, բայց ընթացքում այն մարդիկ, ում տրվեց այդ ուժը գեներացնելու, ուղղորդելու առաքելությունը, թողեցին կիսատ, խեղեցին…Անկախության պոռթկումը պետք է լիներ ազգի սերուցքի, ակտիվ մասսայի մեջ, նրանք պետք է այդ ուժն այն ուղղությամբ տանեին, որ ժողովուրդը Անկախության համը զգար, բայց չզգաց…»,-ասաց Կարինե Խոդիկյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ