Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխության. ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյան

Հունվար 24,2018 17:02

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված 47 ընկերություններից 12-ն առողջապահական ոլորտից են, որոնցից 11-ը գործել են ՀՀ առողջապահության նախարարության, իսկ 1-ը՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ: Տասնմեկ ընկերություններից 10-ի բաժնետոմսերը ևս հանձնվել են վարչության տնօրինմանը:

Այսօր Պետական գույքի կառավարման վարչությունում խորհրդակցություն է հրավիրվել Մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու ընկերություններն ապապետականացման նախապատրաստելու հարցեր:

Ողջունելով մասնակիցներին, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասել է. «Ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման գործընթացի կազմակերպումն ինքնանպատակ չպետք է լինի: Հատկապես առողջապահական ոլորտի ընկերությունների դեպքում արդեն իսկ պարզ է, որ անհրաժեշտ է կատարել հսկայական ծավալի աշխատանք: Յուրաքանչյուր բուժհաստատության պետք է ցուցաբերվի յուրովի մոտեցում՝ ճիշտ ընտրվի մասնավորեցման ձևը, կիրառվող գործիքակազմը և այլն: Հաշվի առնելով, որ այս ընկերություններն ունեն սոցիալական ուղղվածություն և դրանց մասնավորեցումն ուղղակիորեն ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն ևս պետք է լինեն առավել հրապարակային»:

Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ հաշվի առնելով հանրային լայն հնչեղության հարցի կարևորությունը, նախատեսվում է առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցման շուրջ քննարկումներ կազմակերպել նաև ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում, ինչը լրացուցիչ հարթակ կհանդիսանա արդյունավետ որոշումների կայացման համար:

«Առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել դրանց գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը, առավել ևս՝ որևէ կերպ նվազեցնել գործունեության հանրային օգտակարությունը, այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով: Եվ այս պահանջը պարտադիր ամրագրվելու է առողջապահական ոլորտի մասնավորեցման պայմանագրում՝ որպես գլխավոր նախապայման: Այն պահպանելու է ընկերության իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից»,- ասել է Արման Սահակյանը:

Պատասխանելով բուժհաստատությունների ներկայացուցիչների հարցերին, կառույցի ղեկավարը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ պրոֆիլների պահպանության, սոցիալական պատասխանատվության հարցերն առաջնահերթ են և յուրաքանչյուր ընկերության կցուցաբերվի առանձնահատուկ մոտեցում, իհարկե քննարկումներ կլինեն նաև ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Այս ոլորտում կարևորվում է պետության դերը նաև ընկերությունների մասնավորեցումից հետո, հատկապես ծառայությունների մատուցման բնագավառում՝ սակագնային, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց վճարների տրամադրման քաղաքականության մշակման հարցերում:

Արդեն իսկ ընթացքի մեջ են ընկերությունների ակտիվների և պարտավորությունների գնահատման աշխատանքները: ՊԳԿ վարչության պետը հույս է հայտնել, որ ընկերությունները կարճ ժամանակում խոչընդոտները վերացնելու և խնդիրներն արագ լուծելու քայլեր կձեռնարկեն: Յուրաքանչյուր ընկերության գույքի գնահատումն ավարտելուց հետո շրջանառության է դրվելու ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

«Ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական, բուն մասնավորեցման և առհասարակ կառավարման գործընթացները լինելու են բաց, թափանցիկ և հրապարակային: Սա է մեր Վարչության աշխատաոճը և հատկապես առողջապահական հաստատությունների դեպքում շարունակելու ենք առավել հրապարակային ու թափանցիկ լինել» ,- ասել է Արման Սահակյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031