Չարբախում մեկ տարի առաջ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով այսօր հարցաքննվեց գործով վկա Արամ Պետրոսյանը: Նա պատմեց, որ ամբաստանյալներից Պետրոս Իսրայելյանն իր ընկերն է, հաճախ են հավաքվել նրա գեղեցկության սրահի նկուղային հարկում. «Մենք ընկերություն չենք արել, այլ ախպերություն»:
Ըստ նրա՝ դեպքից մի քանի օր առաջ. «Նստած ենք եղել, Գեղամն ասաց՝ մեկը ճըվճվին 20 հազար դոլար է պարտք: Ասաց` ախպեր ջան ինքնասիրության հարց է դարձրել, 20 հազար տվել ա, 18 հազար հետ են տվել, հիմա 2 հազար դոլար պետք է տա, բայց 20 հազար են հետ ուզում: Ասաց` Մուշեղը կոնկրետ մեր հետեւից ա ընկել: Ես էլ վերցրի զանգեցի Մուշեղին` ասել եմ` տվողն էլ գիտի ինչքան պիտի տա, վերցնողն էլ գիտի` ինչքան պիտի ստանա: Մուշեղն էլ ասաց` դե որ տենց ա` արի իրար տենանք: Իր խոսալը գիտեք ինչ ձեւի էր` ապեր ջան լսում ես ինչ եմ ասում, ուրեմն սենց…ագրեսիվ էր շատ: Հաջորդ օրը զանգեցի իրան, ասաց` ախպեր Բանգլադեշ եմ, արի ստեղ, կտեսնենք իրար: Գեղամն ասաց` մենակ գնում ես էնտեղ, արի ես էլ հետդ գամ, որ հանկարծ չծեծեն: Մի քանի հոգով ենք գնացել: Մուշեղի տեղը չգտանք, զանգեցի, ասացի` արի մեր տուն` նկուղային տունը, բացատրեցի հասցեն: Նստած էինք` ուժեղ ձայն լսվեց` Մուշեղն էր, տենց ուժեղ դուռը բացեց: Գեւորգն էլ կանգնած էր էդտեղ, ասաց` սա մեր դռան դուռն է, ինչի ես տենց բացում դուռը: Գեւորիկի հետ երկու բերան խոսակցություն եղավ, սկսեց մեր քրֆել, Գեւորիկն էլ նրան մեր քրֆեց: Մուշեղը պատրաստված եկել էր, ձեռը գցեց հետեւը, զենքը հանեց ու Գեւորի ուղղությամբ կրակեց: Գեւորն էլ ընկավ, փաթաթվեց նրան, հետո քաշքշոց եղավ: Դեմս սիգարետի տուփ կար, վերցրի ու շպրտեցի վրան: Հետո թեւիս տակ ուժեղ ցավ զգացի, ու բան չեմ հիշում: Հետո Գեղամի ձայնը լսեցի, ասում էր` օգնեք Արամին, խփել են»:
Մեղադրող դատախազի միջնորդությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը ՝էական հակասությունների հիմնավորմամբ:
Ըստ նախաքննական ցուցմունքի`2016թ. նոյեմբերի 13-ին ինքը մտել է գեղեցկության սրահի նկուղային հարկ ու դռան մոտ չհասած Գեղամի ձայնն է լսել. «Ներս մտա, տեսա 20-25 անձի: Ճանաչեցի Աբոյին, Գեւորիկին, Գեղամին, որը մեր բակից էր: Լսեցի տարբեր տեսակի հայհոյանքներ, տեսա որ մի տղա վազեց դեպի դուռը: Գեւորգը եւ մի քանի անծանոթներ հարվածում էին նրան, հետո էդ տղան սկսեց կրակել, հետո փորիս հատվածում ուժեղ ցավեր զգացի, էլ բան չեմ հիշում… Հետո հիվանդանոցում Մուշեղին եմ տեսել` կողքիս պառկած, ինչ-որ մարդիկ լացում էին վրան»:
Հիշեցնենք, որ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել, որ Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել, որից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:
Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ