Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք անհնարինն եք ուզում բանակցային գործընթացում». Սերժ Սարգսյանը հորդորեց Ադրբեջանի պատվիրակին հանդարտ լինել. (Տեսանյութ)

Հունվար 24,2018 16:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթին հաջորդեց հարցուպատասխանը:

Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հարց հղեց Սերժ Սարգսյանին՝ մեղադրելով, թե ինչու իր ելույթում չխոսեց Խոջալուի մասին, երբ շուրջ 800 կանայք, երեխաներ են հայերի կողմից սպանվել: Սամադ Սեիդովը հայտարարեց, թե ՀՀ նախագահը միջազգային հանրությանը գցում է թյուրիմացության մեջ:

Սերժ Սարգսյանը մինչ պատասխանելը՝ Սեիդովին հորդորեց հանդարտ լինել և հանգստանալ, ապա զգուշացրեց՝ իր խոսքերը չխեղաթյուրել:

ՀՀ նախագահը մանրամասնեց. «Ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ եղել եմ պատերազմի առաջնորդ: Ես մասնակից եմ եղել ԼՂ ժողովրդի արդար պայքարին: Թե ինչու չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը ցեղասպանություն եք համարում, դա այն պատճառով, քանի որ այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Այազ Մութալիբովը հանգամանորեն շարադրել է փաստեր և ցույց տվել, թե ովքեր են եղել այդ իրադարձությունների կազմակերպիչները: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը պատիվ չէ, տանջանք է: Մի միտում կա Ադրբեջանի մոտ՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը: Ինչի՞ է պետք ձեզ մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել և հատկապես հայերի կողմից»:

Դառնալով Սեիդովի մեղադրանքներին՝ միջազգային կառույցներում ՀՀ-ի պարտավորությունների չկատարմանը, Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ սխալվում եք: Այնուհետև վստահեցրեց, որ չկա միջազգային կառույցների կողմից ընդունված որոշում, որը ՀՀ կողմից մերժվում է:

Դառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնց մասին նշեց Սեիդովը, Սերժ Սարգսյանն ասաց. «Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ը երբեք չի անդրադարձել ԼՂ խնդրին: 1993-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել ռազմական գործողությունների դադարեցման մասին: Դրանցից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները և ձեռնարկել է նոր հարձակումներ, բայց, ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ: Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունը և հեղինակությունը ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում: Ի պատիվ ՀՀ այն ժամանակվա իշխանությունների՝ մենք կատարել ենք այդ պարտավորությունները: Ամենաառաջին պատասխանատվությունը, որ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, Ադրբեջանը չի կատարել»:

Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ չեն կատարվել նաև 1994-ին ստորագրված՝ հրադադարի պայմանագրում ամրագրված դրույթները:

Դառնալով բանակցային գործընթացին և Ադրբեջանի հավակնություններին՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Բանակցային գործընթացում դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադառնա ԼՂ-ն: Այլատյացությունը Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: ԼՂ ժողովրդի պայքարի էությունը պարզ է. դա պայքար է ազատության և ինքնորոշման համար, և նման պայքարը չի կարող դրական ելք չունենալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031