Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանն Իրանի հետ կայուն հարաբերություններ ունի. Ս. Սարգսյանի հարցազրույցը ֆրանսիական L’Express-ին

Հունվար 24,2018 15:55

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հարցազրույց է տվել տեղի L’Express պարբերականին:

-Հունվարի 23-ին Դուք առաջին անգամ հանդիպեցիք Էմանուել Մակրոնին: Ի՞նչ ակնկալիքներ ունեիք:

-Ես հավատում եմ, որ նախագահ Մակրոնն իր երիտասարդության և դինամիզմի շնորհիվ մեծ հույս է ներշնչում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: 25 տարի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի Ֆրանսիայի հետ, որոնք շարունակվում են խորանալ: Մեր ժողովուրդները միմյանց հետ կապված են դարերով, բայց այդ կապերը հատկապես խորացել են վերջին տարիներին՝ տնտեսական, մշակութային գիտական և կրթական ոլորտներում: Ֆրանսիական կրթությունը ներկայություն ունի Հայաստանում՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց ու համալսարան:

Ես կհավելեի, որ Ֆրանսիան նաև Մինսկի խմբի համանախագահ է, նա կարևորագույն գործընկեր է երկկողմ և բազմակողմ հարթություններում: Հարկ է հիշեցնել, որ նոյեմբերի 24-ին Հայաստանը ստորագրեց Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մեզ առաջարկում է նոր հնարավորություններ: Այս համաձայնագրի արդյունքը կլինի Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացումը:

-Այս տարի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը: Ի՞նչ է նշանակություն ունի այս միջոցառումը Ձեր երկրի համար:

-Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովը առաջնային կարևորություն ունի, դա տարիների մեր դիվանագիտական գործողությունների գագաթնակետն է և խոշոր իրադարձություն: Հայաստանը կկարողանա իրեն ներկայացնել ամբողջ աշխարհի առաջ, մենք կանենք ամեն բան՝ այն դարձնելու խոշոր հաջողություն: Նկատի ունեցեք, որ Երևանում կլինի աշխարհի պետությունների մոտ կեսը, դրանցից շատերը ներկայացված կլինեն պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով:

Մեզ համար ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզու է, այլ քաղաքակրթական արժեքների համալիր, որը բացառիկ դեր է խաղացել մարդկության զարգացման մեջ, արժեքներ, որ մենք կիսում ենք և բարձր ենք պահում:

Ավելին, մեր ընտրած կարգախոսը՝ «Ապրել միասին», նշանակում է հարգանք հիմնարար ազատությունների, սոցիալական զորակցության, խաղաղ համագոյակցության, կանանց և տղամարդկանց միջև հավասարության, երիտասարդությանը տրված առաջնահերթության նկատմամբ:

Գագաթաժողովի շրջանակում՝ մեկ օր առաջ, մենք կանցկացնենք խոշոր տնտեսական ֆորում՝ մեկ տեղում հավաքելով ֆրանկոֆոն ձեռնարկատերերին և գործարարներին, որոնք կդնեն ֆրանկոֆոն գործատուների միջազգային ցանցի հիմքերը: Սա մեծ սկիզբ է:

-Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև, հաճախ ներկայացվում է որպես մեծ խոչընդոտ: Թուրքիայի հետ հարաբերությունները խաթարված են 1915թ. Ցեղասպանությունը չճանաչելու պատճառով, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները մնում են չլուծված՝ ԼՂ խնդրի պատճառով: Ի՞նչ կասեք Իրանի մասին:

-Մեր հարաբերություններն Իրանի հետ, երկիր, որի հետ մենք ունենք երկու հազար տարվա փորձառություն, կենսական կարևորություն ունեն մեզ համար: Մեր քաղաքական երկխոսությունը կայուն է, իրականացվում են կանոնավոր փոխայցեր:

Ես կցանկանայի նաև հիշեցնել, որ Թեհրանը միշտ չեզոք և հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել Ղարաբաղի հարցում: Չնայած Ադրբեջանը ապարդյուն կերպով փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տալ կրոնական բնույթ, Իրանի հետ մեր օրինակելի հարաբերություններն ապացուցում են, որ Հայաստանը հարգում է իր հարևանին և նրա մշակույթը:

-Որպես անմիջական հարևան՝ արդյո՞ք այդ երկրի միջուկային նկրտումները Ձեզ չեն անհանգստացնում:

-2015թ. հուլիսի համաձայնագիրը Իրանի միջուկային ծրագրի շուրջ, մեր կարծիքով, վճռական կառուցողական մոտեցում է, որը տանում է դեպի խաղաղություն: Եվ ես ուրախ եմ, որ Ֆրանսիան աջակցում է դրան, ինչպես հստակ հայտարարել է նախագահ Մակրոնը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031