Իրանի իսլամական հանրապետության նախագահ պրն Ռոհանին երկրի պետական հեռուստատեսության տված հարցազրույցում անդրադարձել է հաջորդ տարվա բյուջեի կազմելու սկզբունքներին, երկրի տարբեր նահանգներին հուզող հարցերին (երկրաշարժի հետևանքների վերացում, կենսոլորտի աղտոտում), մաքսանենգ ճանապարհներով կատարվող ներմուծումներին, ազգային դրամի արժեզրկման, սոցիալական ցանցերի հնարավորությունների սահմանափակման, դեկտեմբեր ամսվա ցույցերի պահանջներին և խաբված ավանդատուների խնդիրներին։ Նա հայտնել է, որ բյուջեի վերամշակված նախագիծը շուտով կներկայացվի խորհրդարանին, այնտեղ սոցիալական թեքումով ծրագրերի հատկացումներն ավելացված են․ հարկ է նշել, որ իրանական տարին սկսվում է 21 մարտին և խոսքը հեջրի արեգակնային 1397 թվականի բյուջեի մասին է։ Իրանական ազգային դրամի՝ ռիալի, արժեզրկման կապակցությամբ նախագահը նկատի ունենալով Նովռուզի մոտալուտ տոները, դա մասամբ օրինաչափ է համարել, բայց քաղաքացիներին խորհուրդ է տվել իրենց միջոցները տարադրամի փոխանակման գործում չներդնեն, քանի որ դա բարձր ռիսկ է պարունակում։ Նա առանց անուն տալու քննադատել է այն անձանց, որոնք իրենց հիմնած կասկածելի ֆինանսական կազմակերպությունների միջոցով շատ բարձր տոկոսադրույք են խոստացել ավանդատուներին, յուրացրել են այդ միջոցները և արդյունքում տուժել է երկրի բյուջեն, քանի որ այդ ավանդները վերադարձրել և վերադարձնում է կառավարությունը։ Հաջորդ օրը նախագահի խորհրդականներից Հեսամ Էդդին Աշենան դարձյալ առանց անուն տալու հայտնեց, որ նախագահի ակնարկած մարդիկ «Համրիչը ձեռքին և կոշտուկը ճակատին զինված ելումուտ ունեին երկրի կենտրոնական բանկ»։
2- Իրանի իսլամական հանրապետության առաջնորդ պրն Խամենեին հրահանգել է երկրի զինված ուժերի կենտրոնական շտաբին, որպեսզի մասնավորեցնեն երկրի բանակի և հեղափոխության պահակազորին պատկանող տնտեսական կառույցները։ Իրանի զինված ուժերն ունեն ինժեներա-տեխնիկական լայն հնարավորություններ, որը Իրան-Իրաք պատերազմի ավարտից հետո օգտագործել են երկրի վերակառուցման աշխատանքների համար։ Նրանք հիմա դարձել են տնտեսվարող հսկա սուբյեկտներ, որոնք անհավասար պայմանների մեջ են դնում իրենց մրցակիցներին և շահում են շինարարական միլիոնանոց տենդերներ։ Նախագահի խնդրանքով այժմ առաջնորդը, որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար հանձնարարել է մասնավորեցնել այդ կառույցները։
3- Իրանի ազգային դրամը՝ ռիալը, վերջին մեկ ամսում քսան տոկոսի չափով արժեզրկվել է։ Փորձագետներն Իրանի վալյուտայի այդ գահավեժ արժեզրկման համար բերում են զանազան պատճառներ․ նախ երկրի կենտրոնական բանկն իջեցրեց ավանդների տոկոսադրույքը, ուստի և ֆինանսական ազատ միջոցներ ունեցող քաղաքացիների գեթ մի մասն իր գումարները բանկերից հանեց այլ տեղ ներդնելու համար։ Իրանի կառավարությունները Նովռուզի նախօրյակին ավանդաբար թանկացնում են իրենց տրամադրության տակ եղած արտարժույթի գինը, որպեսզի ունենան ֆինանսական հավելյալ միջոցներ և փակեն աշխատավարձի, կենսաթոշակի և Ամանորի նվերի՝ 13-րդ աշխատավարձի, պարտքերը։ Ռոհանիի կառավարությունը ձգտում է նաև համահարթեցման ճանապարհով կայունացնել արտարժույթի գինը և վերացնել այդ ասպարեզում գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերը։ Ներկայում արտարժույթն ունի տարբեր սակագներ՝ առևտրային, տուրիստական, լողացող և այլն, որոնք հարմար սողանցք են թողնում չարաշահումների համար։ Անցած ամսվա ժողովրդական պոռթկումներն ևս իրենց ազդեցությունն են թողել ազգային դրամի արժեզրկման վրա և քաղաքացիները նախընտրում են իրենց խնայողությունները պահել տարադրամի տեսքով։ Արտարժույթի գնի բարձրացումը, սահմանը հատելու տուրքի հավանական բարձրացումը՝ որը նախատեսված է բյուջեի նախագծում և երկրում տիրող սպասողական վիճակն իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանյան զբոսաշրջիկության վրա և մենք այս տարվա մարտ ամսին ավելի քիչ իրանցի հյուրերի ժամանման ականատեսը կլինենք։
(Լուսանկարում պրն Ռոհանին հարցազրույցի ժամանակ):
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ