Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցին Հերմինե Նաղդալյանի, Ծառուկյանի, Վլադիմիր Գասպարյանի հայտնի մտքերը՝ ընտրակաշառքի մասին (Տեսանյութ)

Հունվար 24,2018 15:21

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն այսօր հրապարակեց իր զեկույցը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացված դիտորդական առաքելության:

ՀԿ-ի իրավաբան, փաստաբան Երանուհի Թումանյանցն անդրադարձավ ընտրակաշառքի բաժանման դեպքերին եւ ընտրակաշառքի մասին պաշտոնյաների հայտնի հայտարարություններին: Մասնավորապես, վերհիշեցին այն ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերը: Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանն ասել էր, որ անկախ նրանից, թե որ կուսակցության ներկայացուցիչներն են ցանկանում ընտրակաշառք բաժանել, նրանք ուղղակի բարեգործություն են անում, նրանք մարդիկ են, որոնք պարզապես զբաղված են նվիրատվությամբ, պարզապես նվերներ են տալիս՝ առանց որեւէ հույս ունենալու, որ այս կերպ կգնեն քվե: Նրա խոսքով՝ «Ընտրական օրենսգրքում» չկա որեւէ մեխանիզմ, որով հնարավոր լինի ընտրակաշառքը տալուց հետո ինչ-որ կերպ վերահսկել, ստուգել, թե կաշառք վերցնող մարդիկ քվեարկում են հենց իրենց օգտին:

Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, իսկ Շարմազանովն ասել էր, որ ընտրակաշառքը չի ունեցել էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա: Իրավաբանի դիտարկմամբ՝ «Այս պաշտոնատար անձանց հայտարարությունները վկայում են ընտրակաշառքի բաժանման տեղեկությունների արժանահավատության մասին»:

Զեկույցի ներկայացմանը մասնակցում էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը: Իսկ միջոցառմանը նաեւ ցուցադրվեցին Ծառուկյանի խախտումները, մասնավորապես, թե ինչպես է ԿԸՀ-ի զգուշացումից հետո խոստանում նվեր տալ գյուղացիներին՝ այս անգամ շեշտելով, որ նվերը կհանձնի ապրիլի 2-ից հետո: Իրավաբաններն իրենց տարակուսանքը հայտնեցին, որ Ծառուկյանի այդ խոստումն արդեն ԿԸՀ-ի կողմից անուշադրության մատնվեց:

Երանուհի Թումանյանցը նշեց, որ ԱԺ ընտրություններում 1718 հաղորդում է ներկայացվել ընտրախախտումների մասին, դրանց կեսն էլ չի գրանցվել գրանցամատյաններում: Եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի կնիքը, չգիտես ինչպես, հայտնվել է տեղամասի աղբամանում, դիտորդն է հայտնաբերել, մեկ այլ դեպքում երկու ժամով կնիքը կորել է, մի տեղամասում էլ հանձնաժողովի անդամը ծխելու պատրվակով դուրս է եկել տեղամասից եւ իր հետ տարել կնիքը: Նա անդրադարձավ նաեւ ԿԸՀ-ի որոշումներին, տարածքային հանձնաժողովների գնահատականներին, թե ինչպես է մի դեպքում, երբ բողոքել է ՀՅԴ-ն ընտրողներին ուղղորդելու համար, անվավեր համարվել արդյունքները, մյուս դեպքում դա առհասարակ խախտում չի դիտարկվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031