Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են առանցքային պաշտոններում նշանակել հերթական մարդու, որը չի ընկալվում համակարգի անմիջական ծնունդ». քաղտեխնոլոգ

Հունվար 24,2018 15:18

Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանի 4-րդ նախագահը արարողակարգային պաշտո՞ն, թե՞ ծանրակշիռ քաղաքական դեմք է լինելու, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի՝ դե յուրե պաշտոնն առանցքային դերակատարում չունի ու իշխանական էական լծակներ չկան, բայց դե ֆակտո այն կարող է լինել կարեւոր, հատկապես Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընտրելուց հետո:

«ՀՀ իշխանական համակարգում դե յուրե ու դե ֆակտո իրականությունները շատ տարբեր են իրարից՝ բուն քաղաքական դասավորությունը կազմավորվում է ավելի շատ կապիտալի դասավորությունից, քան դե յուրե իշխանական լծակներից: Նշանակվում է թեկնածու, որը որոշակի կապիտալ, միջազգային շրջանակների հետ կապեր ունի, սա ծանրակշիռ ռեսուրս է, որը դարձնում է Արմեն Սարգսյանին խաղացող: Նախագահի պաշտոնը կավելանա այս ռեսուրսին, ու այդ իմաստով Արմեն Սարգսյանը կդառնա ներիշխանական համակարգի հակակշռող բեւեռ այն մոդելում, որը ձեւավորվում է խորհրդարանական կառավարման ձեւաչափով»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Հակոբ Բադալյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն նաեւ գործընկեր ու մասնակից է դառնալու իշխանական կոնսենսուսին արտաքին ու ներքին հարցերում:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, համակարգը, որն այսօր առանցքային պաշտոնների համար թեկնածուներ է ընտրում, ավելի լայն լիազորություններ է ուզում տեսնել Արմեն Սարգսյանի համար. «Արմեն Սարգսյանն ունենալու է որոշակի գործառույթներ կապված ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության հետ, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությունում: Սերժ Սարգսյանն ու այն խումբը, որ ձեւավորում են պաշտոնները, փորձում են առանցքային պաշտոններում նշանակել հերթական մարդու, որը չի ընկալվում համակարգի անմիջական ծնունդ: ԱԺ նախագահ, վարչապետ, նախագահ դրվում են մարդիկ, որոնք արտահամակարգային են ինչ-որ չափով: Այսինքն, ստեղծվում է մի համակարգ, որը կլինի ճկուն հակակշիռների համակարգ, երբեմն էլ, եթե անհրաժեշտություն լինի՝ փոխլրացման»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031