Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ այլ պետության ղեկավարի ներկայությամբ ԱԳ նախարարի հետ այսքան շատ կոնվենցիաներ չենք ստորագրել». Թորբյորն Յագլանդ

Հունվար 24,2018 15:13

«Որևէ այլ պետության ղեկավարի ներկայությամբ ԱԳ նախարարի հետ այսքան շատ կոնվենցիաներ չենք ստորագրել»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: ԵԽ գլխավոր քարտուղարը փաստեց, որ Հայաստանն արդեն նոր Սահմանադրություն ունի, ընտրություններ են անցկացվել, և բոլոր գործընթացները ճիշտ են ընթանում, ու Հայաստանի հետ ԵԽ-ն լավ համագործակցություն ունի: Պարոն Յագլանդը նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ հարցերի շուրջ մտքերի փոխանակումներ են ունեցել Սերժ Սարգսյանի հետ:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարարի հետ ստորագրվել է հարկային հարցերում վարչարարության փոխադարձ աջակցության, մարդկանց թրաֆիքինգի դեմ Եվրոպայի կոնվենցիաները, ահաբեկչության կանխարգելման վերաբերյալ կոնվենցիայի հավելյալ արձանագրությունը, սպորտային հանդիպումների անվտանգության ու կինեմատոգրաֆիայի վերաբերյալ ԵԽ կոնվենցիաները։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր այցը ԵԽԽՎ խորհրդանշական է. վաղը՝ հունվարի 25-ին, լրանում է ԵԽ-ին ՀՀ-ի անդամակցության 17-րդ տարին: Սերժ Սարգսյանն այս առիթով ասաց. «2018-ին ՀՀ-ն բոլորովին այլ էր, ինչ 2001-ին: Մեր երկիրը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման գործում, որտեղ իր զգալի ներդրումն ունի ԵԽ-ի հետ երկարամյա արժեքավոր համագործակցությունը»:

Այնուհետև Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ ԵԽ գլխավոր քարտուղարի հետ, ինչպես միշտ, բովանդակալից քննարկում են ունեցել. «Երկուստեք արձանագրեցինք, որ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում համալիր բարեփոխումներ են կատարվել ՀՀ-ում հիմնարար ազատությունների երաշխավորմամբ առավել արդյունավետ կառավարման, դինամիկ քաղաքականության հաստատման, ապահովման ուղղությամբ: Այդ մասին են փաստում նաև ԵԽ կանոնադրային և մոնիտորինգային մարմինների զեկույցները: Այս համագործակցության առաջին հասցեատերը ՀՀ քաղաքացին է: Սա է ԵԽ առաջ ստանձնած հանձնառության պատշաճ իրագործման մեր տեսլականը»:

Սերժ Սարգսյան-Թորբյորն Յագլանդ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս առիթով Սերժ Սարգսյանը նշեց. «Վերահաստատեցի աջակցությունս գլխավոր քարտուղարի կողմից քանիցս հնչեցրած տեսակետին, որ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն գորշ գոտիներ: Սա նշանակում է, որ ԵԽ-ը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրավունքները՝ առաջնորդվելով կարգավիճակի հարցում չեզոքության սկզբունքով»:

ՀՀ նախագահը հավելեց՝ ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա այդ հարցում իրավասու են տվյալ հակամարտության կարգավորման համար միջազգայնորեն համաձայնեցված մանդատ ունեցող կառույցներն ու ձևաչափերը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031