Ֆրանսահայ մտավորական, ազատամարտիկ, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի կինը՝ տիկին Հասմիկն այսօր է վերադարձել Լիոնից: Նա Լիոնում գտնվելու ժամանակ հեռախոսազրույց էր ունեցել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ամուսնու հուղարկավորության, պաշտպանության նախարարությանը դիմելու հարցով:
Սարգիսի դին Հայաստան կբերվի ուրբաթ:
Սարգիսի մարտական ընկերները փորձում են ստորագրահավաքներով, սոցիալական ցանցերում իրենց էջերով պահանջել, խնդրել, հորդորել, որպեսզի Սարգիսն ամփոփվի Եռաբլուրում:
Ինչպես իննսունականների շատ կամավորականներ, Սարգիսը «ազատամարտի մասնակցի վկայական» չունի: Ի դեպ, այս հարցն արծարծվեց նաեւ այն ժամանակ, երբ դատական գործընթացներ սկսվեցին նրա դեմ:
Սակայն ով է մոռացել նրա մասնակցության մասին, սփյուռքահայ սակավաթիվ երիտասարդներից մեկի մասին, որը տարատեսակ օգնություններ էր տանում, բաժանում, իսկ այս ամենի ամենաճշմարիտ վկաները արցախցիներն էին
Գուցե մեկ անգամ եւս խորհենք միասին. Սարգիսն արժանի՞ է Եռաբլուրում հանգչելու: Քիչ ժամանակ է մնացել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Սարգիսի վերջին նկարը «Առավոտում»
Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այս առնչությամբ ասել էր «ՀԺ»-ին, որ Եռաբլուրը պետական պանթեոն է, եւ այնտեղ հուղարկավորելու հատուկ կարգ կա, փաստաթղթեր են հավաքվում, պաշտոնական դիմում է գրվում եւ այլն՝ նման բան տեղի չի ունեցել։ Երկու ազատամարտիկ, իր տեղեկություններով, զանգահարել են ՊՆախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին եւ պարզապես հետաքրքրվել են։ Նման դիմում չի ստացվել, որի հիման վրա ըստ կարգի քննարկում կազմակերպվի, ասել էր Հովհաննիսյանը։
Անմնացորդ նվիրյալները մարտի դաշտ էին գնացել մարտնչելու համար և ոչ թե թղթեր դիզելու, որ այսօրվա չինովնիկները կողմնորոշվեն…