2017 թվականի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես միշտ, շարունակել է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ- լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
‹‹Հակառակորդը ներքին լսարանի համար օգտագործել է ռազմական հռետորաբանությունը` ուժի եղանակով հիմնախնդրի լուծում, մինչդեռ, եթե այդ հնարավորությունը ունենար` վաղուց արդեն կիրագործեր››,- նշեց ՊԲ հրամանատարը։
Նրա խոսքով` հակառակորդը նախորդ տարվա ընթացքում շարունակել է առաջնային գիծը պահել լարված վիճակում` առաջնագծում պահելով հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Բացի այդ, պարբերաբար առաջնային գիծ է հանել նաև դիպուկահարների խմբեր, որոնց ակտիվացումը, համեմատաբար շեշտված, դրսևորվել է տոն օրերին և դրանց նախաշեմին։
Այս ամենին զուգահեռ, ըստ նախարարի, հակառակորդը շարունակել է բանակի հզորության ավելացման ուղղությամբ աշխատել, 2017-ի ընթացքում անցկացնելով չորս խոշոր մարտավարական զորավարժություններ, որտեղ հիմնականում կատարվել են հարձակողական բնույթի խնդիրներ:
‹‹Շարունակել են իրենց առաջնային գծի կահավորման աշխատանքները: Որոշակի աշխուժացել է նաև նրանց դիտարկման համակարգը։ Եվ այս ամենի հետ միաժամանակ` միշտ փորձել են առաջնագծում ստեղծել լարվածություն››։
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ