2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նաեւ գործով մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանի եւ Արամ Արամյանի դեմ:
Ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը նշեց՝ նախորդ նիստերում նրանք ոչ կոռեկտ պահվածք են դրսեւորել ամբաստանյալների հանդեպ: «Արամ Արամյանը դիմել է «կենդանի», «վիժվածք» արտահայտություններով: Պետրոս Պետրոսյանը եւս աչքի է ընկել նման վարքագծով եւ Գագիկ Եղիազարյանի հանդեպ ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տվել: Այդ փաստը բավարար է, որ դատախազները լքեն այս գործընթացը, որովհետեւ մեր պաշտպանյալների նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տալը խոսում է անձնավորված վերաբերմունքի մասին,-համոզմունք հայտնեց Գյուրջյանը, ապա հավելեց,-զարգացած երկրներում դատախազներին ուղարկում են հոգեբանական վերապատրաստման, որպեսզի հուզական չեզոքություն պահպանեն»:
Մեղադրող-դատախազներից Արթուր Չախոյանն իր գործընկերների դեմ ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ առարկություն հայտնեց՝ ասելով. «Նախորդ նիստերից մեկում դատախազներն արդեն իսկ միջադեպի համար նախազգուշացում են ստացել, իսկ կողմնակալության մասին խոսք լինել չի կարող»: Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ իր հերթին ասաց. «Որեւէ մեկին չեմ արդարացնում նման պահվածքի համար, բայց ծուխն էլ առանց կրակի չի լինում, հետեւաբար՝ կողմերը պետք է կոռեկտ պահեն իրենց»:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը որոշեց դատախազների դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել: Իսկ դա նշանակում է, որ Արամ Արամյանը եւ Պետրոս Պետրոսյանն այս գործով շարունակելու են հանդես գալ որպես դատախազներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ