Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն Էդմոն Մարուքյանի հետ այնքան էլ համաձայն չէ, որ ՊԵԿ-ը ԱՊՊԱ անող մի ընկերության պետական աջակցություն է ցուցաբերել (Տեսանյութ)

Հունվար 24,2018 14:11

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նիստ էր հրավիրել` քննարկելու ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումն ուղղված ՀՀ վարչապետին եւ ՏՄՊՊՀ կառույցի ղեկավարին: Պարոն Մարուքյանն իր գրություններով պահանջել է լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված այն խնդիրը, համաձայն որի մաքսատան ներսում միայն մեկ` «Թոփ-Սփին» ընկերությանն  է հնարավորություն ընձեռվել ապահովագրական գործունեություն ծավալել:

ԱՊՊԱ իրականացնող մնացած կազմակերպությունները պետք է գործեն մաքսատան տարածքից դուրս, ինչը ԱԺ պատգամավորի համոզմամբ, խախտում է ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները:

ՏՄՊՊՀ-ում Պարոն Մարուքյանի ներկայացուցիչը «Ելք» խմբակցության ավագանի Դավիթ Խաժակյանն էր: Ըստ նրա, ամենեւին կարեւոր չէ, որ մաքսատան ներսում այդ տարածքը մրցութային կարգով է հատկացվել «Թոփ-Սփին» ընկերությանը, հարցն այն է, որ մյուս ընկերությունները հայտնվում են տուժողի դերում եւ մրցակցային առավելությունը տրվում է ընդամենը մեկ ընկերության:

Դավիթ Խաժակյանի մեկնաբանությունները` տեսանյութում

ՏՄՊՊՀ ներկայացուցիչ Արսեն Պետրոսյանը ներկայացնելով հանձնաժողովի տեսակետն՝ ասաց, որ չեն կիսում ԱԺ պատգամավորի այն պնդումները, թե Պետական եկամուտների կոմիտեի կողմից այդ ընկերությանը տարածք տրամադրելը համարվում է պետական աջակցություն, քանի որ այն ձեռքբերելու համար տեղի է ունեցել աճուրդ, մրցույթ:

Մանրամասները` տեսանյութում

Նիստին ներկա «Թոփ-Սփին» ընկերության ներկայացուցիչ Հայկ Մելիքյանից ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացավ, որ այս ընկերությունը միայն Բագրատաշենի անցակետում չէ արժանացել նման արտոնյալ պայմանների: Բավրայի անցակետում նույնպես մաքսատան ներսի միակ ԱՊՊԱ անող կազմակերպությունը նույնպես նա է: Պարզվեց նաեւ, որ Մեղրիի մաքսատանն էլ նույն պայմաններով «Թոփ-Սփինն» է աշխատելու: Այս բացահայտումները զարմացրին Դավիթ Խաժակյանին: Նրա խոսքով` ստացվում է, որ հանրապետություն ներկրվող ավտոմեքենաների 99 տոկոսի ԱՊՊԱ-ն հենց «Թոփ-Սփին»-ը պետք է անի, ինչն ավելի է հաստատում այն, որ ՊԵԿ-ի գործարքը կասկածելի է` հատկապես, որ մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը ԱՊՊԱ իրականացնող մնացած ընկերությունները չեն էլ իմացել. «Մրցույթ հայտարարված լինելու մասին, գոնե մեկ-երկու ընկերություն կիմանային»,-ասաց Դավիթ Խաժակյանը:

Հանձնաժողովի անդամները հարցերի միջոցով փորձեցին պարզել, թե ինչու է Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչը համարում, որ կա մրցակցության խախտում, երբ տարածքը տրամադրվել է մրցույթով: Բացի այդ, հանձնաժողովականները անընդհատ հարցն այլ հարթություն էին տեղափոխում` օրինակ` ասելով, եթե ԱՊՊԱ իրականացնող 100 ընկերություն ցանկանա մաքսատան տարածքում գործունեություն ծավալել, 100-ին էլ պետք է տարա՞ծք տալ: Հանձնաժողովի անդամ Պավել Ղալթախչյանն էլ, օրինակ` հարցրեց` եթե օդանավակայանի տարածքում գործող երեք սրճարանի փոխարեն 100-ը ցանկանան այնտեղ սրճարան բացեն, բայց տեղ չլինի, պետք է համարեն, որ մրցակցության խախտո՞ւմ է: Ի պատասխան՝ Դավիթ Խաժակյանն ասաց, որ համեմատությունը տեղին չէ, քանի որ ուղեւորների համար սուրճ խմելը պարտադիր պայման չէ, իսկ ներկրվող ավտոմեքենայի համար ԱՊՊԱ-ն պարտադիր պայման է:
Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց` մրցույթով եղե՞լ է սահմանափակում, որ մաքսատան տարածքում 1 ընկերություն պետք է գործի

Ի պատասխան Արսեն Պետրոսյանը պարզաբանեց, որ մրցույթի պայմաններում չի երեւում` ինչ նպատակով է տարածքը տրվում

Հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում չկայացրեց: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ պետք է լսեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին` որպեսզի տեղեկանան` նրանք իմացել են մրցույթի մասին, թե ոչ: Արտակ Շաբոյանը հանձնաժողովի ներկայացուցչին հանձնարարեց հաջորդ նիստին, որի օրը դեռեւս պարզ չէ, ապահովել նաեւ ԱՊՊԱ-յի ներկայացուցիչների մասնակցությունը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031