Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ժամանեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ):
Սերժ Սարգսյանը գրառում կատարեց ԵԽԽՎ Ոսկե գրքում:
Այս պահին ՀՀ նախագահը հանդիպում է ունենում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետտիի հետ, այնուհետև ծրագրված է հանդիպում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Այս հանդիպումները փակ են ԶԼՄ-ների համար: ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո նախատեսված է համատեղ մամուլի ասուլիս:
Այսօր կեսօրին՝ Երևանի ժամանակով ժամը 15.00-ին, ԵԽԽՎ լիագումար նիստում Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով, որին կհաջորդի պատվիրակների հետ հարցուպատասխանը:
Քիչ անց կմեկնարկի ԵԽԽՎ լիագումար նիստը, որի ընթացքում վեհաժողովը կընտրի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին:
Նշենք, որ երեկ տեղի ունեցավ ընտրության առաջին փուլը: Քվեարկության արդյունքում Սլովենիայի կողմից ներկայացված Գորան Կլեմենչիչը ստացավ 67 ձայն, Ֆրանսիայի թեկնածու Պիեռ Իվ Լը Բորնը 105, Բոսնիա Հերցեգովինայի թեկնածու Դունյա Միյատովիչը 76 ձայն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ