Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է Թուրքիայում առնվազն 4 լրագրողների ձերբակալությունը, որոնք բերման են ենթարկվել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատելուց հետո: Կոմիտեն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել լրագրողներին և թույլ տալ մամուլին աշխատել առանց վախի:
Մասնավորապես, Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում ձերբակալել է Mezopotamya գործակալության լրագրող Հայիր Դամիրին և Artı TV-ի՝ Անկարայի թղթակից Սիբել Հյուրթաշին, Դիարբեքիրում՝ T24 անկախ առցանց թերթի սյունյակագիր Նուրքան Բայսալին, և Ստամբուլում՝ ձախական Halkın Nabzı առցնաց թերթի խմբագիր Իհսաք Քարաքաշին:
Բոլոր 4 լրագրողներն էլ ավելի վաղ սոցիալական ցանցերում քննադատել էին Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները: Իշխանությունները լրագրողներին հարցաքննում են «ահաբեկչական կազմակերպությունների օգտին քարոզչություն կատարելու» կասկածանքով:
Բացի այդ, Թուրքիայի հսկողության տակ գտնվող հյուսիսային Կիպրոսում 200-300 մարդուց բաղկացած ամբոխը հարձակվել է տեղի օրաթերթերից մեկի խմբագրության վրա: Հարձակումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննադատել էր թերթի՝ «Եվս մեկ ներխուժում Թուրքիայի կողմից» վերտառությամբ հոդվածը:
«Այս ձերբակալությունները Թուրքիայի կողմից իրականացվող սագայի վերջին դրսևորումն է, որով փորձում են գրաքննել քաղաքական և ռազմական գործողություների լուսաբանումը՝ փակի տակ պահելով կամ վախեցնելով լրագրողներին»,- ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրենի տեղական Ռոբերտ Մահոնին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ