Ամեն տարի ցրտահարության, կարկտահարության, քամու հետևանքով գյուղացիական տնտեսությունները հսկայական վնասներ են կրում։ Գյուղատնտեսական տարվա մեկնարկին վարկ վերցնող գյուղացին իրեն հույս է տալիս՝ էս տարին լավ է լինելու։ Տարվա կեսին նրանցից շատերը փաստի առաջ են կանգնում։ Պետական բյուջեից բոլորին կրած վնասի չափով աջակցություն տրամադրել հնարավոր չէ։ Գյուղացու բերքը փրկելու համար առաջարկվում է ապահովագրական համակարգ ներդնել։ Ծրագիրն այս տարվանից կսկսվի։ Կմեկնարկեն 1-2 մշակաբույսի համար և 1-2 ռիսկի դիմաց ապահովագրական համակարգի ներդրման աշխատանքները։
Թեմայի շուրջ «Փաստը» զրուցել է Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ, ապահովագրության փորձագետ Արտակ Մարտիրոսյանի հետ:
– Այսօր ապահովագրական ընկերությունները պատրա՞ստ են նման քայլի դիմել։
– Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում պիլոտային ծրագրով խոշոր եղջերավոր կենդանիների ապահովագրություն է իրականացվել։ Այս փորձնական (պիլոտային) ծրագիրն իրականացվել է գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համատեղ ուժերով՝ ENPARD-ARMENIA ծրագրի շրջանակներում։ 32 ֆերմերների խոշոր եղջերավորներն ապահովագրված են «Նաիրի Ինշուրանսում»։ Այսօր ունենք նաև փոխհատուցման դեպքեր։
Խոշոր եղջերավորների դեպքում ռիսկն ավելի քիչ է։ Այդուհանդերձ, մեր ապահովագրական ընկերություններից երեքն են համաձայնել ապահովագրություն կատարել, այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ ապահովագրական ընկերությունները պատրաստ չեն այդ ռիսկի տակ մտնել։ Կախված է նրանից, թե մենք ինչ ռիսկ ենք առաջարկում ապահովագրողներին և ինչ հաշվարկներ ենք ներկայացնում։
Իսկ, որպեսզի ապահովագրական ընկերությունը նման ռիսկի գնա, պետք է ենթակաոուցվածքների՝ հակակարկտային ցանցերի հարցը լուծված լինի։ Գյուղատնտեսական վնասների հաշվառումը բացակայում է Հայաստանում, ապահովագրողների համար կարևոր է իմանալ վերջին մի քանի տարիների տվյալները, որպեսզի ընդհանուր պատկերացում կազմեն ռիսկի գնահատման և սպասվող փոխհատուցումների վերաբերյալ։ Եթե մինչև ԱՊՊԱ-ի ներդրումն ունեինք կամավորներ, նույնը չենք կարող ասել գյուղատնտեսության դեպքում։
Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում