ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից մամուլում շրջանառված անուններից ամենաականջահաճոն համարում է Արմեն Սարգսյանի անունը: «Այս իմաստով, նա լավագույնն էր»,-«Անդրադարձ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Սակայն, սա բնավ չի նշանակում, որ մեր երկրում լավագույններ չկան: Ուղղակի`«մնացել ենք անայլընտրանք»:
Հիշեցենք, «Ելք»-ի թեկնածու Արտակ Զեյնալյանը չի կարողանալու գրանցվել, ձայների քանակը բավարար չէ: «Ցավում եմ, ֆանտաստիկ անձնավորություն է, պարկեշտ մարդ»,- ասում է Թեւան Պողոսյանը` հավելելով. «Ասելով, որ պառլամենտն է ընտրում նախագահին, դա պետք է լինի ընտրություն, ոչ թե նշանակում: Հիմա մենք ունենալու ենք կոճակ սեղմել, ոչ թե ընտրություն»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Թեւան Պողոսյանը ունակությունների տեսանկյունից կասկածի տակ չի դնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Թե որքանո՞վ նա կկարողանա իր գործառույթներն իրագործել`ժամանակը ցույց կտա: Իրեն, համենայնդեպս, ոգեւորում է, որ մինչ որոշում կայացելը, Արմեն Սարգսյանը ցանկանում է հանդիպել-խորհրդակցել խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, մտավորականների հետ. «Պատկերացում կամ տեսլական ունի, մնացածը`ժամանակը ցույց կտա»:
Անդրադառնալով 1996-ի իրադարձություններին, Արմեն Սարգսյանի վարչապետ եղած շրջանին, Թեւան Պողոսյանն ասում է. «Այն ժամանակ էլ ճգնաժամային իրավիճակ էր, նրան բերելով փորձեցին հանդարտեցնել: Հիմա էլ ճգնաժամային վիճակ է: Եթե մնացել է իր նույն սկզբունքներին` լավ է»: Թեւան Պողոսյանը հիշում է, այն ժամանակ Արմեն Սարգսյանի կերպարը ոգեշնչող էր, նա ընկալվում էր փոփոխություններ բերող մարդ, որը մետրոյով էր շրջում: Թեւան Պողոսյանը դրական հիշողություններ ունի նաեւ վարչապետի պաշտոնում Արմեն Սարգսյանի Արցախ այցելություններից: Արցախի փոխվարչապետ իր հայրն է պատմել: Բայց ցավում է գործընթացի համար: Կարծում է, հենց Արմեն Սարգսյանի համար դրական ֆոն կլիներ այլընտրանքային ֆոնով մեկնարկը:
Հարց հնչեց`ճիշտ չէ՞ր լինի, որ ՀՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը մեծահոգի գտնվեին եւ բանավեճ ապահովելու նպատակով ապահովեին Արտակ Զեյնալյանին չբավարարող ձայները: «Դա կլինի արհեստական»,- ասում է Թեւան Պողոսյանը: Ինքը կարծում է, որ եթե մի ուժ գնացել է ընտրության, պետք է այնպիսին լինի, որ եւ իր նախագահի, եւ վարչապետի թեկնածուներն ունենա. «Եթե գնում ես ընտրությունների`քվե ստանալու համար, պետք է իմանաս`կրթության նախարար Թամարին ես նշանակելու, թե Կարմենին»:
Ինքն ուրախ կլիներ, որ «Ծառուկյան» դաշինքը սեփական թեկնածուն ունենար: Ավելի ուրախ կլիներ եթե կոալիցիոն ՀՅԴ-ն սեփական թեկնածուն առաջադրեր: Հիշում է, 2003-ին կուռ ՀՅԴ-ն քաղաքական մշակույթ ձեւավորեց`ներքին մոնիտորինգ անցկացրեց`ընտրելով նախագահի իր թեկնածուին: Հիմա ինչո՞ւ հավատարիմ չի մնում իր ձեւավորած մշակույթին` չի հասկանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ