Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքել է, որ իր փոխարեն ԱԺ ընտրություններին քվեարկել են, հետո հրաժարվել՝ ասելով, թե ես էի ընտրել ու մոռացել

Հունվար 24,2018 11:46

Այսօր «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ներկայացրեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացված դիտորդական առաքելության զեկույցը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն ասաց, որ 1522 տեղամաս են դիտարկել՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող տեղամասերի 76 տոկոսը:

ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանն էլ նշեց, որ բոնուսային համակարգի հետ կապված կարգավորումները մտահոգիչ են եւ էական ազդեցություն են թողել ընտրությունների արդյունքների վրա: Բացի այդ, ըստ նրա, էլեկտրոնային նոր համակարգը հղի էր մեծ ռիսկերով: Եգորյանն ասաց,որ բանակցությունների արդյունքում արձանագրվել են դրական փոփոխություններ, մասնավորապես՝ սքանավորված տարբերակով ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակում եղավ, հնարավորություն տրվեց տեսախցիկներ տեղադրել՝ առանց ձայնի արձանագրման. «Բանակցությունների արդյունքում ցավոք չհաջողվեց ներմուծել նախագրանցման համակարգը, որը հնարավորություն կտար բոլոր ընտրողներին նախագրանցվել, դա էապես կմաքրեր ընտրողների ռեգիստրը: Ընտրողների քանակական եւ ընտրությանը մասնակցության տեսանկյունից դա մեքենայությունների եւ հնարքների հիմնական աղբյուրն է: Էլեկտրոնային սարքավորումների ներմուծումը հույսերը չարդարացրեց, էլի արձանագրվեց բավականին մեծ թիվ՝ առանց սարքերի գրանցված ընտրողների՝ 220 հազարի չափ: Ընտրողների ստորագրված ցուցակներից անձնագրային տվյալների վերացումը զրկեց ընտրողների խորքային իդենտիֆիկացումից: Մենք ցուցակներում տեսնում ենք միայն անուն, ազգանուն հայրանունները եւ կրկնվող անունների դեպքում հնարավորություն չունենք անձնագրային տվյալներով նրանց նույնականացնելու»:

Տեսախցիկների հետ կապված Եգորյանն ասաց, որ տեսանյութը մատչելիության տեսանկյունից խիստ խնդրահարույց է, քանի որ դրանց տրամադրման համար կազմակերպությունը, որը սպասարկում է, պահանջում է այնպիսի տեխնիկական պարամետրերի համապատասխանող կրիչներ, որոնց արժեքը մոտ 8000 դոլարի է հասնում: Դա ՀԿ-ի, դիտորդական առաքելություն իրականացնող որեւէ մեկի համար մատչելի չէ, հետեւաբար, այդ տեսանյութերը մատչելի չեն. «Այսօր մենք տեսանյութերը վերլուծելու հնարավորություն չունենք: Թեեւ ընտրողների կողմից ստորագրված ցուցակները սքանավորվեցին եւ հրապարակվեցին, բայց ապահովել դրանց արդյունավետ եւ արագ վերլուծություն՝ մինչեւ ընտրական գործընթացի ավարտը, ձախողվեց: Մեր ենթադրյալ ֆորմատին չէին համապատասխանում այդ սքանավորված ցուցակները, մեր մշակած ծրագրով հնարավոր չեղավ դրանք արագ ներմուծել եւ վերլուծել: Հիմա բոլոր ընտրողների տվյալները ստորագրված ցուցակներից մուտքագրվում են մեր սարքած շտեմարան, այն մեկ ամսից ավարտված կլինի, հնարավորություն կտա բավական խորը վերլուծության այդ ցուցակների՝ բոլոր պարամետրերով: Այլ անձանց փոխարեն ստորագրությունների մասով հարցն էլ կբացահայտվի»:

ՀԿ-ի ավագ իրավաբան Դավիթ Գյուրջյանն էլ ասաց, որ ընտրությունների հետ կապված դեպք է եղել, երբ քաղաքացիներից մեկը բողոք է ներկայացրել, որ իր փոխարեն մեկ ուրիշն է մասնակցել քվեարկության, ինքը չի մասնակցել ընտրություններին, բայց հետո հրաժարվել է իր խոսքերից ու բողոքից. «Ասել է, թե մոռացել էր, որ գնացել է Շիրակի մարզ եւ մասնակցել է ընտրություններին: Հասկանալի է, որ անձը այս կամ այն մարմնի կողմից ազդեցության է ենթարկվել եւ ցանկանում էր հրաժարվել, բայց ի վերջո պատասխանատվության ենթարկվեց այն անձը, ով քվեարկել էր իր փոխարեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031