Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights Watch-ի զեկույցները՝ Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Հունվար 24,2018 11:37

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Human Rights Watch հեղինակավոր և հանրաճանաչ հասարակական կազմակերպությունն անցյալ շաբաթ հրապարակեց իր տարեկան զեկույցը, որն արձանագրել է մարդու իրավունքների խախտումները 2017 թվականի ընթացքում ավելի քան 90 երկրներում, ներառյալ Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում:

ՀԱՅԱՍՏԱՆ

Ստորև համառոտ ներկայացված է Human Rights Watch-ի զեկույցից՝ Հայաստանում 2017 թ. ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին.

«Խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջինն էին 2015 թ. սահմանադրական փոփոխություններից հետո, որով նախագահականից անցում կատարվեց կառավարման խորհրդարանական համակարգի, չկարողացան բարելավել հանրության վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ: Իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնություն՝ խախտումների մասին զեկույցների ֆոնին։ Իշխանությունները չկարողացան պատասխանատվության ենթարկել ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած պաշտոնյաներին, այդ թվում`2016 թ. հուլիսին Երևանում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ: Դատավարությունը 32 անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում էին Երևանում ոստիկանական բաժանմունքի բռնի ուժով գրավման մեջ, զեկույցը գրելու պահին դեռ շարունակվում էր: Չորս ամբաստանյալներ հայտնել էին ազատազրկման վայրում իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին»:

ԱԴՐԲԵՋԱՆ 

Ստորև համառոտ ներկայացված է Human Rights Watch-ի զեկույցից՝ Ադրբեջանում 2017 թ. ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին.

«2017 թ. կառավարությունն ավելի է ուժեղացրել պայքարը քննադատողների դեմ: Դատարաններն առնվազն 25 լրագրողների, քաղաքական և երիտասարդ ակտիվիստների դատապարտել են երկարատև ազատազրկման քաղաքական դրդապատճառներով, անարդար դատավարություններով: Տասնյակներով մարդիկ ձերբակալվել կամ քրեական հետապնդման են ենթարկվել, ինչպես նաև ենթարկվում են հետապնդումների և ճամփորդական արգելքների, կամ փախել են երկրից: Անմարդկային օրենքներն ու կանոնակարգերը խոչընդոտում են անկախ խմբերի աշխատանքին և ֆինանսավորման ապահովմանը: Խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը բանտերում շարունակվում են: Բռնության արշավում տասնյակ գեյ տղամարդիկ և տրանսգենդեր կանայք են ձերբակալվել և վատ վերաբերմունքի արժանացել ոստիկանության կողմից: «Արդյունահանող ընկերությունների թափանցիկության նախաձեռնություն» (EITI) միջազգային կոալիցիան, որը ռեսուրսներով հարուստ երկրներում խթանում է ավելի լավ կառավարումը, երկար տարիների ստուգումներից և մի քանի նախազգուշացումներից հետո, կանխակայեց Ադրբեջանին՝ քաղաքացիական հասարակության խմբերի սահմանափակումները չվերացնելու համար:

Human Rights Watch-ը նաև ներկայացրել է հետևյալ մանրամասները Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ.

— «18 ակտիվիստներ բանտարկված են կամ սպասում են դատավարության՝ քրեական պատասխանատվության քաղաքական դրդապատճառներով»:

— «7 լրագրողներ և բլոգերներ բանտարկված են կամ սպասում են դատավարության՝ քրեական պատասխանատվության քաղաքական դրդապատճառներով»:

— «11 անգամ Եվրոպայի խորհուրդը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Իլգար Մամեդովին»:

— «5 խոշոր լրատվամիջոցներ Ադրբեջանի կողմից մշտապես արգելափակված են «ազգային անվտանգության» պատրվակով»:

— ««Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 180 երկրների թվում Ադրբեջանը դասակարգել է 162-րդը՝ մամուլի ազատության համար»:

–«11 ակտիվիստների, այդ թվում՝ լրագրողների և հասարակական կազմակերպությունների առաջնորդների, արգելված է հեռանալ Ադրբեջանից»:

ԹՈՒՐՔԻԱ

Ստորև համառոտ ներկայացված է Human Rights Watch-ի զեկույցից՝ Թուրքիայում 2017 թ. ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին.

«2017 թ. ապրիլի հանրաքվեն, որն ընտրողների կողմից հավանության արժանացավ չնչին առավելությամբ, սահմանադրական փոփոխություններ մտցրեց, որով Թուրքիան անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի, որը տասնամյակների ընթացքում նրա քաղաքական հաստատությունների համար ամենակարևոր փոփոխությունն էր։ Հանրաքվեն տեղի ունեցավ արտակարգ իրավիճակում, որը հաստատվել էր 2016 թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո, և լրատվամիջոցների խիստ գրաքննության պայմաններում, երբ բազմաթիվ լրագրողներ և քրդամետ ընդդիմությունից խորհրդարանականներ բանտում էին։ Նոր նախագահական համակարգը, որն ամրապնդում է գործող նախագահի իշխանությունը, հետընթաց է մարդու իրավունքների և օրենքի գերակայության համար։ Այն բավարար ստուգումներ և հակակշիռներ չունի գործադիր իշխանության չարաշահումների դեմ, մեծապես նվազեցնում է խորհրդարանի լիազորությունները և ամրապնդում նախագահական վերահսկողությունը դատական ​​նշանակումների մեծ մասի վրա։ Նախագահական համակարգը ամբողջովին ուժի մեջ կմտնի 2019 թ. ընտրություններից հետո»։

Ստորև կարճ հատվածներ են բերված Human Rights Watch-ի զեկույցից, որոնք մանրամասն տեղեկություններ են տալիս Թուրքիայում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ.

«Պետական ​​պաշտոնյաները շարունակում են ազատվել կամ նրանց գործունեությունը դադարեցվում է հրամանագրով, առանց պատշաճ դատաքննության, 2016 թ. հուլիսից ավելի քան 110 հազար պաշտոնազրկվածներ կան։ 2017-ին հարյուրավոր լրատվամիջոցներ, ասոցիացիաներ, հիմնադրամներ, մասնավոր հիվանդանոցներ և կրթական հաստատություններ փակվեցին կառավարության հրամանով, նրանց ունեցվածքները բռնագրավվեցին առանց փոխհատուցման…. Տուժածները իրավունք չունեն աշխատել պետական ծառայությունում, նրանց բանկային հաշիվները սառեցված են, անձնագրերը առգրավված»։

Բացի այդ, «մարդկանց շարունակում են ձերբակալել, դատապարտել և դատից առաջ կալանքի տակ պահել ահաբեկչության մեղադրանքով. առնվազն 50 հազար մարդ նախքան դատը կալանքի տակ է, իսկ շատերը հետապնդվում են հեղաշրջման փորձից հետո։ Հետապնդվածների թվում են լրագրողներ, քաղաքացիական ծառայողներ, ուսուցիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև զինվորականներ…. Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում 500 փաստաբաններ բանտարկվել են դատից առաջ, իսկ ավելի քան հազարը հետապնդվում են»։

Զեկույցում նաև նշվում է, որ «Թուրքիան համաշխարհային առաջատար է լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների բանտարկությամբ, քանի որ նրանք քրեական հետապնդումների և դատավարությունների առջև են կանգնած, ընդ որում գրեթե 150-ը ճաղերի հետևում էր զեկույցը գրելու պահին: Թերթերի և հեռուստաալիքների մեծ մասը անկախություն չունի և աջակցում է կառավարության քաղաքական գծին»:

Ադրբեջանի և Թուրքիայի համեմատությամբ, Հայաստանն ուներ նվազագույն թվով մարդու իրավունքների խախտումներ: Աշխարհում մարդու իրավունքների ամենախոշոր ոտնահարողներից մեկը Թուրքիան է, Ադրբեջանը զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այնուամենայնիվ, հայերի մեծ մասը նախընտրում է, որ իրենց հայրենիքը որքան հնարավոր է լինի ժողովրդավարական երկիր, անկախ նրանից, թե որքան ոչ ժողովրդավարական են նրա հարևան երկրները։

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031