Հայաստանում հողմային խոշոր կայանների կառուցմամբ հետաքրքրված էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը, քամու ռեսուրսի չափման նպատակով, Գեղարքունիքի մարզում աշտարակ է տեղադրել, ինչպիսին մինչ այժմ Հայաստանում չի եղել։ Աշտարակի բարձրությունը հասնում է 80 մետրի։ Այն կգործարկվի մոտ օրերս։
Ապրիլին նախատեսվում է տեղադրել ևս մեկ աշտարակ՝ այլ վայրում։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ, դեռևս անցած տարվա մարտին Կառավարությունն որոշում ընդունեց աջակցել «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը մինչև 150 մեգավատանոց գումարային հզորությամբ քամու կայաններ կառուցելու գործում.
-Եթե սպասելիքներն արդարանան, ապա առաջիկա երկու-երեք տարում կարող ենք ունենալ աշխարհում նմանը չունեցող հողմակայան։ Այն լինելու է լեռնային և ամենաբարձր կայանը, որտեղ նախատեսվում է կիրառել նորարարական բազմաթիվ լուծումներ,-ասել է Հայկ Հարությունյանը։
Հայաստանում հողմային էլեկտրակայանի կառուցմամբ հետաքրքրված է նաև իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերությունը։ Անցած տարվա մարտին ընկերությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր` 100-150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ:
-Ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացնումը: Տեղադրվել է 80 մետր բարձրությամբ երկու մոնիթորինգային կայան և մեկ «Sodar» համակարգ: Յուրաքանչյուր կայան համալրված է 8 հողմաչափով, 3 հողմացույցով, 2 ջերմա-խոնավաչափով և 1 մթնոլորտային ճնշաչափով,-տեղեկացրել է Հայկ Հարությունյանը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին