Լրահոս
Օրվա լրահոսը

Լսումներ՝ «օդի մեջ»

Հունվար 24,2018 10:06

Հին խորհրդային անեկդոտ: Մեկը նամակ է գրում արտասահմանում ապրող իր բարեկամին. «Այդ թանկացումների ձեռքը կրակն ենք ընկել՝ հավն արդեն արժե 5 ռուբլի»: Նամակը «հանգրվանում է» ԿԳԲ-ում, որտեղ եւ կանչում են հեղինակին՝ զգուշացնելով, որ չի կարելի նամակներ գրել, որոնք վարկաբեկում են խորհրդային կարգերը: Մի քանի օրից նույն մարդը նամակ է գրում հետեւյալ բովանդակությամբ. «Խորհրդային երկրում ամեն ինչ էժան է: Փիղն արժե ընդամենը 3 ռուբլի, բայց ինչի՞ս է պետք փիղը, եթե ես կարող եմ ավելացնել եւս 2 ռուբլի եւ հավ գնել»:

Երբ խորհրդարանում սկսում են խոսել գներից, ես միշտ հիշում եմ այդ անեկդոտը: Մեկ էլ 1993 թվականին ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանի հարցը նախագահ Տեր-Պետրոսյանին՝ նվազագույն աշխատավարձով հնարավոր է գնել միայն երկու հավկիթ՝ բա ինչպե՞ս պիտի մարդիկ ապրեն: (Պետք է ասել, որ 25 տարի առաջ պոպուլիստները նույնքան «կրեատիվ» էին, որքան այսօր): Հիմա էլ կարելի է հարցնել՝ ձմռանը գազի եւ էլեկտրաէներգիայի համար իրար հետ մարդիկ մուծում են ամիսը 50 հազար դրամ՝ ինչպե՞ս ապրել 150 հազար դրամով:

Երբ նման հարց է բարձրացնում տաքսու վարորդը կամ թոշակառու տատիկը՝ դա նորմալ է: Երբ նույն հարցն է տալիս պատգամավորը, դա վկայում է մտածողության որոշակի մակարդակի մասին, որը հեռու է մասնագիտական որակից: Կամ էլ՝ գուցե խնդիրը ծուլությունն է: Հարցնում եմ քաղաքական գործչին՝ որքան է ազդելու դիզվառելիքի թանկացումը գյուղմթերքի գնի վրա, եւ նա պատասխանում է՝ մենք պիտի ըմբոստանանք եւ թույլ չտանք, որ ազդի: Նա այդպես է պատասխանում, որովհետեւ չի կարող կամ չի ուզում հաշվել, թե վառելիքի գինը, ասենք, լոլիկի ինքնարժեքի ո՞ր տոկոսն է կազմում: Պարզապես օդի մեջ սրտաճմլիկ բաներ ասելը հեշտ է, հարցի մեջ մի փոքր խորանալը՝ դժվար:
Բայց Հայաստանում իշխանությունները նույնպես պոպուլիստ են: Որովհետեւ՝ երբ նույն հարցը տալիս ես իշխանության ներկայացուցիչներին, նրանք ասում են՝ դիզվառելիքի գնի բարձրացումը որեւէ ձեւով չի ազդի գյուղմթերքի ինքնարժեքի վրա: Այսինքն՝ դարձյալ «օդի մեջ»: Ահա այդպես էլ անցկացնում են «խորհրդարանական լսումներ»՝ ոչ միայն իրար չլսելով, այլեւ չլսելով բանականության ձայնը:

Լսումները, որքան հասկանում եմ, պետք է տարբերվեն Ազգային ժողովի նիստերից, որտեղ, բնականաբար, խմբակցությունները պետք է հայտնեն իրենց քաղաքական դիրքորոշումը: Լսումները «ուղեղային գրոհ են», որտեղ հիմնական խոսքը պետք է ասեն մասնագետները: Իսկ երբ հարցեր են տրվում՝ «բա մարդիկ ոնց ապրեն» ոլորտից, այդ «տոնայնության» մեջ մասնագետներն անելիք չունեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Մի կատակ էլ ես յիշեցի խորհրդային ԿԳԲ-ի մասին: ԱՄՆ նախագահ Ռեյգանն էր պատմում Յութիւբով:
    🙂

    Մի մարդու թութակ կորում է: Էս մարդը ճարը կտրած գնում է ԿԳԲ:
    – Ընկեր գնդապետ, թութակս կորել է:
    – Քաղաքացի, մի թութակի համար եկել, հասել էք ԿԳԲ՞: Գնացէք թաղային ոստիկանութիւն:
    – Ընկեր գնդապետ, պարզապէս ուզում եմ տեղեակ պահել, որ թութակն ինչ էլ ասի, ես այդ ասածներին համաձայն չեմ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031