Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրակովի հանդիպմանը Բաքուն պատասխանեց անօդաչու թռչող սարքով

Հունվար 24,2018 12:00

Նալբանդյան-Մամեդյարով բանակցությունները տեւել են ոչ թե 6, այլ 3 ժամ

Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ընթացքում քննարկել են հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության՝ հանդիպմանը շարունակվել են անցյալ դեկտեմբերին կայացած քննարկումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ։

«Նախարար Նալբանդյանը կոչ արեց Ադրբեջանի իր գործընկերոջը հետեւել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։ Ժնեւի գագաթնաժողովին նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները եւ համանախագահները քննարկեցին հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը եւ բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությունները։

Սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Համանախագահները արտգործնախարարների հետ նաեւ առանձին հանդիպումներ են ունեցել: Հունվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ուղիներ փնտրել բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների եւ եռանախագահների առաջարկությունների իրագործման ուղղությամբ, որոնք, մասնավորապես, վերաբերում են հակամարտության գոտում լարվածության թուլացմանը, 1994-95 թթ. եռակողմ զինադադարի անշեղ պահպանմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ եթե Բաքուն հետեւի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին, ապա հնարավոր կլինի ճանապարհ հարթել խաղաղության գործընթացն առաջ մղելու համար: «Բաքուն հաճախ է խոսում, թե իբր շահագրգռված է, որ ստատուս քվոն փոխվի։ Ակնհայտ է, որ դրան հասնելու գործնական ճանապարհը հենց վերոհիշյալի իրականացումն է։ Համանախագահները տարիներ շարունակ հայտարարում են, որ իրենց կողմից՝ փուլային իրականացմամբ փաթեթային հանգուցալուծման նպատակով, առաջարկվող սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են, եւ դրանցից մեկին նախապատվություն տալու փորձերը անհնար կդարձնեն կարգավորումը։ Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի գործնական հունի մեջ դնել կարգավորման գործընթացը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Արդեն Կրակովի բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, թե դրանք անցել են դրական մթնոլորտում, եւ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «մի շարք ստեղծարար գաղափարներ են առաջարկել» Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Մամեդյարովի խոսքով՝ նախ համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, ապա նրանց մասնակցությամբ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները տեւել են շուրջ վեց ժամ: «Ըստ էության, հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, հիմնական մոտեցումն է՝ կարգավորման ուղղությամբ առաջընթացի, խաղաղության ու կայունության համար անհրաժեշտ է շարունակել առավել ինտենսիվ, բովանդակալից ու տրամաբանական բանակցությունները»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Թեեւ Մամեդյարովը, ըստ ադրբեջանական լրատվական կայքերի, նշել է, թե Կրակովում Նալբանդյանի հետ հանդիպումը տեւել է վեց ժամ, «Առավոտ»-ը Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից պարզեց, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը տեւել է շուրջ երեք ժամ: Թերեւս այս երեք ժամերին Մամեդյարովը գումարել է իր եւ համանախագահների հետ առանձին հանդիպումը, որն ավելի վաղ է կայացել:
Իսկ թե ինչ նկատի ունի Մամեդյարովը, երբ նշում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «մի շարք ստեղծարար գաղափարներ են առաջարկել», թերեւս միայն իրեն է հայտնի:

Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ բանակցություններում այն, ինչի մասին հստակ խոսվում, արձանագրվում է, պայմանավորվածություններ են ձեռք բերվում, պաշտոնական Բաքուն հակված չէ դրանք նկատել, նախընտրում է դրանց չանդրադառնալ, հետո միայն բանակցությունների ավարտին ինչ-որ հերթական նոր «գաղափարների» մասին տեղեկություններ են շրջանառության մեջ մտցնում:

Ինչեւէ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Կրակովի հանդիպման արդյունքներով տարածած հաղորդագրությունում եւս շեշտեցին, որ արտգործնախարարներն ու համանախագահները քննարկել են ավելի վաղ տեղի ունեցած գագաթնաժողովներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ «Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը»,- հայտարարում են համանախագահները։ «Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել սեղանին առկա աշխատանքային առաջարկներում տեղ գտած զգայուն հարցերի շուրջ։ Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, եւ համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը»,- ասվում էր հաղորդագրությունում։ Հայտնի է, որ համանախագահները ծրագրում են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելել։

Ուշագրավ է, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ համաձայնության եւ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակի մասին արձանագրումից հետո՝ Կրակովի հանդիպումից ուղիղ երկու օր անց, շփման գծում ադրբեջանական կողմն անօդաչու թռչող սարքից կիրառեց ականանետի արկ: «Ոտնահարելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ, հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ»,- նշվում էր ԼՂ ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կրակովի բանակցություններին միջնորդների կոչին՝ պահպանել համեմատաբար հանգիստ վիճակը, պաշտոնական Բաքուն, փաստացի, այս կերպ պատասխանեց, ինչը, թերեւս, իր հերթին վկայում է այն մասին, թե որքան դժգոհ է ադրբեջանական կողմն առհասարակ թե՛ բանակցությունների շարունակականությունից, թե՛ կազմակերպվող հանդիպումներում քննարկվող թեմաներից ու ադրբեջանական կողմից միջնորդների ակնկալիքներից:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 23.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031