Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 4 տարի 10 ամիս 19 օր ազատազրկման դատապարտված Արփինե Մայսուրյանի գործով ՀՀ դատական դեպարտամենտից ուղարկված ձայնագրությունների կրիչը հետազոտելու համար վերաքննիչ քրեական դատարանը տեղափոխվել էր ավելի հարմարավետ դահլիճ:
Անցյալ տարվա նոյեմբերի 22-ի գրությամբ դատարան էր ուղարկվել մինչ այս գործը քաղգործով դատական նիստերի արձանագրությունների ձայնագրությունները:
Այն սկսվեց մի ձայնագրությամբ, երբ փորձագիտական կենտրոնը դատի էր տվել այս գործով տուժող կողմին՝ գումարը չվճարելու համար: Մինչդեռ, վերաքննիչ բողոք ներկայացրած Արփինեն եւ նրա երկու պաշտպանները միջնորդել էին որպես վկա հարցաքննված Արմենակ Հովհաննիսյանին վերաբերող վկայությունը հետազոտել: Քանի որ այդ վկայությունից հետո վկան անհետացել է:
Քանի որ օրեր կարող էր տեւել վերծանելն ամբողջական քաղգործով ձայնագրությունների, դատարանը որոշել է հանձնարարել աշխատակազմին, լազերային սկավառակի օրինակները տրամադրել կողմերին՝ այս գործին վերաբերելի հատվածները հաջորդ նիստին հետազոտելու նպատակով:
Արփինեն «Առավոտին» ասաց, որ առաջին ատյանի դատարանն իր նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել յոթ տարի առաջ օրինական կարգով բնակարան ձեռք բերելու համար, եւ դատապարտել:
«Դատախազը նախաքննության եւ դատաքննության ժամանակ փորձում է ինձ ներկայացնել որպես ունեզուրկ, սոված ու տուն գնելու հնարավորություն չունեցող մեկի: 90-ականներին, երբ մարդիկ զբաղված էին խարդախությամբ, թալանով, մասնագիտությամբ իրավաբան հայրս՝ Սերժիկ Մայսուրյանը, Հայաստան բենզին ներկրողներից մեկն է եղել, ով նաեւ բարեգործություններ էր անում եւ շնորհիվ այդ բարեգործությունների, ժողովուրդն անգամ նրան առաջարկել էր մասնակցել խորհրդարանական ընտրությունների:
Մեղադրողի ներկայացրած փաստերը, թե մենք իբր սպասք ու հաց չունեինք, բամբասանք ասես լինի»,-«Առավոտին» ասում է Ա. Մայսուրյանը:
Հարցիս՝ նախորդ նիստին իր առարկությունների ժամանակ դատախազն ասաց, թե հրաժարվել ես առերեսումներից բնակարանը վաճառած, այս գործով տուժող, ներկայումս հանգուցյալ Զարուհի Պողոսյանի հետ, ճի՞շտ է, Արփինեն ասաց. «Մեղադրողը ճիշտ չի ներկայացել այն, թե ես չեմ ցանկացել առերեսվել տուժող Զարուհի Պողոսյանի հետ, ում գումար եմ տվել եւ գնել վիճելի տունը»: Նա նշեց իրենց՝ պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդությունները, նաեւ առերեսումներ կատարելու մասին միջնորդությունների մասին, մերժման որոշումներին, որից հետո իրենք դիմել են նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, իսկ Արփինեի մայրն էլ հանդիպել էր գլխավոր դատախազին՝ ներկայացնելով խնդիրը:
Մորն այդ հանդիպումից հետո ընդունել էր Երեւան քաղաքի դատախազ Կարեն Բատիկյանը, ով ասել էր. «Մեր մարդը հարսանեկան ճամփորդությունից կգա, մենք իրան թիկունք կլինենք, աղջկադ կդատենք, տունն էլ կվերցնենք»: Բողոքաբերի կարծիքով, «մեր մարդը» դատախազ Արթուր Մանուկյանն էր:
Արփինեն քառասունմեկ օր կալանքի տակ է մնացել, իսկ նախաքննությունն իրականացնող մարմինը նրա հետ չի կազմակերպել տուժողի հետ առերեսումը. «Կալանավորված օրերին որեւէ քննչական գործողություն չի կատարվել, միայն պաշտպանիս՝ Արթուր Ալիխանյանի պահանջից հետո առերեսվել եմ Զարուհի Պողոսյանի բարեկամի՝ Վրեժ Դանիելյանի հետ»:
Ի դեպ, առերեսման մերժման որոշումները կայացվել են 2014 թվականին, մինչդեռ տուժողը մահացել է 2016 թվականին:
Արփինեն պնդում է, որ բնակարանի համար վճարել է 27 500 դոլար, իսկ նոտարի մոտ դրամով է գրել, գումարն էլ տվել է քսան հազար դրամանոցներով՝ օրվա փոխարժեքով՝ 10 180 000 դրամ, մոտ 28 000 դոլարին համարժեք: Հինգ հարյուր դոլարն էլ ձեւակերպումների համար է եղել, ինչպես բազմիցս նշվել է:
Այդ գումարը Արփինեն ստացել էր հորից՝ Ուկրաինայից:
Մինչդեռ, մինչ օրս տուժող կողմը՝ Զարուհու դուստրը պնդում է, թե գումար չեն տվել:
Արփինեն ունի տուժողի ստացականն ու հայտարարությունը: Ըստ նրա, եթե տուժողին գումար չի տվել, ինչպես է տարեց կինը դրանից հետո վեց ամիս մեկնել Ռուսաստան, առանց գումարը վերցնելու:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
23.01.2018