Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատանեկան տարիքիս բոլոր սեքսուալ երազանքներն ի կատար եմ ածում»

Հունվար 24,2018 14:00

Հովհաննես Թեքգյոզյանը «փակագծեր» է բացում

Արձակագիր, դրամատուրգ եւ դերասան Հովհաննես Թեքգյոզյանն այժմ ապրում եւ սովորում է Ֆրանսիայում՝ Ստրասբուրգում: Հայաստանում հաջողություններ է գրանցել, մրցանակներ ստացել գրականության, թատրոնի բնագավառներում, թարգմանվել բազմաթիվ լեզուներով: Այսօր նրա տեղը Հայաստանում թափուր է՝ որպես մշակույթի վառ ներկայացուցիչ, գունեղ անհատականություն ու լավ ընկեր… «Առավոտը» զրուցեց Հովհաննեսի հետ:

– Ի՞նչ չէր հերիքում քեզ Հայաստանում, որ հասար Ֆրանսիա:

– Երկու զարմանալի իրականություն։ Երկրորդի մասին հարցազրույցի վերջում կխոսեմ, թեեւ ուղղակիորեն կապվում է առաջինի հետ։ Էսպիսով՝ միշտ զարմացել ու զարմանում եմ, թե որտե՞ղ են հարցերը ձեւավորվում կամ, ինչպես ասում են, բարձրացվում։ Ըստ էության, հարցի ձեւավորման միջավայրն է կարեւոր, մնացածը՝ ֆիկցիա է՝ պատասխանի նման։ Մանավանդ, որ պատասխանը ամենաանհաստատ բանն է աշխարհում, քանի որ միջավայրի փոփոխությանը զուգահեռ՝ ամեն ինչ գլխիվայր շրջվում է։ Փաստացի երկու եւ ավելի տարի ես մշտապես փորձում եմ ետ-ետ նայելով չապրել, քանի որ «համեմատել» բառի հոմանիշը «ետընթացն» է, չապրելը, չհիշելը բարի-չար, անդուր, սիրուն, ցավոտ միջադեպերը։ Էսպիսով հիմա ինչ էլ ասեմ՝ միանգամից պլակատ կդառնա, առավել եւս առաջին բառը՝ Ազատությունը (միջավայրի ազատությունը), որ կամա-ակամա, հարցի հետ ներս է սողոսկում։ Ամեն սկսվող կամ վերջացող բան անկախ է, անկախ է գործում, մեծանում, մեռնում… Բայց որ հարցից չխուսափեմ ու քիչ ծակ-փիլիսոփայություն անեմ, փորձեմ պատասխան տալ… Համենայնդեպս… Ես հասկացա, որ ոչինչ պետք չէ «թարգմանել»։ Հասկացա ֆրանսերենը յուրացնելիս։ Ու որ ցանկացած «թարգմանած» միտք, խոսք կամ զգացողություն ակամայից հաշմանդամ է դառնում… Նկատեցի՞ր, որ պատասխանս ինձնից առաջ անցավ։ Էս փոքր տեքստում, ակամայից երեք-չորս անգամ «միջավայր» բառը կրկնեցի…

– Հայաստանյան եւ ֆրանսիական կրթահամակարգերը կարո՞ղ ես համեմատել, ավելի շուտ այն համալսարանը, որտեղ դու ես սովորում, ինչպես է «ծանրաբեռնում» սովորողներին:

– Էլի համեմատել… Չթարգմանել… Ուղղակի մի երկու դիտարկում անեմ։ Նախ դասախոսական կազմի վերաբերմունքի ու հիերարխիկ համակարգի բացակայության մասին։ Մի անգամ, երբ նման հարց տվեցի իմ դասախոսներից մեկին՝ շատ զարմացավ, ասաց, որ անգամ իրենք չգիտեն մյուս դասախոսի գիտական կոչումների մասին։ Եվ իրոք մեր ֆակուլտետի դեկանի դեկան լինելու վերաբերյալ, նշեմ, որ նույն այդ դեկանը ինձ երկու առարկա էր դասավանդում, ես իմացա, ինձ ուսանողական դրամաշնորհ հատկացնելու ժամանակ։ Եվ ամենակարեւորը՝ կարծիքի հանդեպ ունեցած հարգանքն է ու էլի, էլի, էլի ազատությունը, կարծիք հայտնելու ու կարծիքը լսելու։ Զարմանալի մի շերտ կա, որը թույլ է տալիս եւ դասախոսին, եւ ուսանողին ազատ լինել եւ միեւնույն ժամանակ չխախտել քաղաքավարության սահմանը։ Իսկ ծանրաբեռնո՛ւմը… Էդ մասին ավելի լավ է չխոսենք, քանի որ աչքիս է գալիս դեռ չկարդացած գրքերի անվերջանալի ցուցակը…

– Մի պարզ հարց, լիքը շերտերով՝ փոխվե՞լ ես…

– Երեւի… Առաջինը… Էլ կռիվ չեմ տալիս չթաքնվելու համար… Եվ երկրորդ՝ ամենակաեւոր փոփոխությունը՝ ես իմ պատանեկան տարիքի բոլոր սեքսուալ երազանքներն ի կատար եմ ածում՝ կարողանում եմ բնագրով կամ լավ որակի թարգմանությամբ կարդալ բոլոր այն հեղինակներին, որոնց մասին միայն լսել կամ ցաքուցրիվ էջեր էի ընթերցել։ Փոխված շերտերից մեկն էլ՝ հավասար լինելն է, հավասար՝ ամեն առումով, միաժամանակ պահպանելով քո ինքնատիպությունը…

– Տպավորիչ դրվագներ, որ պատահել են քեզ ուսումնառության շրջանում, հանդիպումներ, դեմքեր…

– Էլի գամ հավասարության թեմային։ Ստրասբուրգում լինելուս ժամանակ առնվազն մի տասը միջազգային հեղինակություն ունեցող արվեստագետի կամ գործչի եմ տ
եսել, նույնիսկ շփվել եմ։ Օրինակ, առաջին անգամ, երբ իր գրքի շնորհանդեսի ժամանակ տեսա Էրիկ Էմանուել Շմիդտին ու կարողացա շփվել նրա հետ, զգացողությունս շոկային էր։ Հետո նորից տեսա, շփվեցինք, պատմեցի «Փախչող քաղաքի» ապագա ֆրանսերեն հրատարակության մասին։ Վերջին անգամ, երբ կրկին իր հետ կազմակերպված հանդիպումից հետո խոսեցինք, զարմանալիորեն հարցրեց իմ գրքի մասին։ Չգիտեմ, գուցե զուտ քաղաքավարությունն է պատճառը, բայց նրանք բոլորն անխտիր հետաքրքրվում են քո գործունեությամբ եւ դա անում են ապշեցնող անկեղծությամբ…

– Հե՞շտ էր ինտեգրվելը շատ տարբեր իրականությանը, միջավայրին:

– Կլինի՞ մեջբերում անեմ իմ վերջին «Ինտրիգային սեռ» գրքից. «Անցյալի փորձառությունը ահավոր բան ա, իսկ ապագայինը՝ չկա… Չէ՝ կա… Եթե երեխա ժամանակ ապրածդ նշաններին ուշադրություն դարձնես՝ կտեսնես։ Էս ամեն ինչնից հետո մի բանում հաստատ համոզվեցի։ Համոզվեցի, որ մանկություն, դաստիրակություն եւ այլն, եւ այլն, հիմնականում ֆընդխ բաներ են, եթե, իհարկե, Աստված չկա… Ու թե Աստվածն ի՞նչ ա, էդ հարյուր տոկոսով ջոգեցի։ Հազար տոկոսով… Մանավանդ ասեմ, որ Աստվածը շատ ռեալ ա։ Մի խոսքով՝ Աստված տեղ ա։ Կոնկրետ տեղ, կոնկրետ երկրաչափական ու քարտեզային չափագրումներով։ Ու Աստված մեկը չի։ Էդ միաստվածություն կոչվածը՝ մարդկանց կզցնելու, միձեւ դարձնելու համար ա։ Մի խոսքով՝ Աստված տեղ ա։ Ու ամեն մարդ ունի իր տեղը՝ իր երկիրը, իր մասը, իր կտոր երկինքը։ Եթե էն երկրում, ուր մարդն ապրում ա, իր պատկերացումները չեն համապատասխանում էդ տեղի Աստծո դրվածքին, սկսվում ա էն, ինչը, սովորաբար, դժոխք են անվանում։ Հիմա, ըստեղից հետեւություն. ամեն մարդ պիտի գտնի իր տարածքային Աստծուն։ Բայց վատն էն ա, որ հաճախ մարդիկ ինչ-ինչ կռուժեւնոյ բարեկեցություններից ելնելով՝ փոխելով իրենց բնակության տեղը, կապերը նախկին Աստծո հետ խզել չեն կարողանում։ Էդ հերիք չի՝ նոր Աստծու հետ էլ ոչ մի կապ չունեն։ Բայց հակառակ աննա-կարենինան էլ ա լինում. սաղ կյանքը ապրում են ծննդավայրում ու էդ ծնած Աստծու կողմից մշտական վրաերթերի են ենթարկվում»։

– Գիտեմ, որ վեպդ ես ավարտում, գրքի ֆրանսերեն տարբերակը կլինի շուտով, մի քիչ կմանրամասնե՞ս:

– Լավ, մի քիչ պաթետիկ դառնամ՝ ասելով, որ «Ինտրիգային սեռ» վեպն այլեւս ավարտված, բայց չգիտեմ, ե՞րբ կհանձնվի հայ ընթերցողի դատին։ Դատին ու դատաստանի՛ն… Իրականում «Փախչող քաղաքի» ֆրանսերեն տարբերակը այս տարի կտպագրվի Փարիզում, «Բել վիլ» հրատարակչության եւ «Արի» գործակալության համատեղ ջանքերով եւ կհամալրի «Փախչող քաղաքի» օտարալեզու տպագրությունների ցանկը։ Հիշեցնեմ, որ գիրքն արդեն տպագրվել է թուրքերեն եւ անգլերեն, թուրքական «Այրընթը» եւ կանադական «Մոզայիկ պրես» հրատարակչությունների միջոցով։ Պաթոսի վերջը… Իրականում այս ամենը չէր լինի, եթե չլիներ գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի ամենօրյա աշխատանքը։ Գիրքը այլ լեզուներով տպագրելու այլ պայմանավորվածություններ եւս կան, բայց այդ մասին ճիշտ կլինի զրուցել հենց Արեւիկի հետ։

– Դիպված, որ քո կյանքում շրջադարձային նշանակություն ունեցավ:

– «Գարունը» գրելը երեւի։ Աստղանիշ եմ դնում. «Գարունը» իմ առաջին բանաստեղծությունն է, որը գրել եմ հինգ տարեկանում։ Ցավոք, չի պահպանվել. մի կիսատող եմ հիշում «…ծառեր ահա»։

– Ըստ քեզ, ի՞նչ ասել է լավ գրականություն:

– Երկու զարմանալի իրականություն։ Ինչպես սկզբում ասացի՝ երկրորդի մասին հարցազրույցի վերջում կխոսեմ, թեեւ ուղակիորեն կապվում է առաջինի՝ հարցի առաջացման հետ։ Մի ամիս առաջ Ֆեյսբուքում փոստ արեցի հետեւյալ մակագրությամբ՝ «Եվս մեկ էջ եւ «Ինտրիգային սեռ» վեպը կարելի է ավարտված համարել»։ Բայց էդ մի էջը չկարողացա գրել, ամեն ինչ մտածել, դասավորել էի, բայց էդ մի, վերջին էջը չէր գրվում։ Լավ, մտածեցի, արի վեպը սկզբից կարդամ, ֆինալն ինքնըստինքյան կծնվի։ Կարդացի բոլոր չորս հատվածները՝ կողք կողքի։ Առաջին երկու մասում փոփոխելու ոչինչ չկար։ Երրորդը կարդալիս հասկացա, որ մի մեծ սխալ եմ արել, մի, ընդամենը մի դետալ մոռացել եմ։ Սկսեցի էդ դետալն ավելացնել, որը հիմնովին փոխեց, ինչպես ասում են՝ «տեղը գցեց» վեպի ամբողջական կառույցը եւ բոլորովին այլ ֆինալ առաջ բերեց։ Երեւի հենց հեղինակից անկախ էս անսպասելի, ինքնուրույն գործող, բացահայտելուն ուղղված զգացողությունն էլ կարող ենք գրականություն անվանել, իսկ թե ինչ է լավ գրականությունը… Կրկին…Երեւի… Չհամեմատել, ասել է թե՝ չթարգմանել…

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝
Գերման Ավագյանի:

«Առավոտ»

23.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Շնորհալի է, բայց ցուցադրականությունը շատ է խանգարում: Այն ինչ ասում է, գիտենք, թող ավելի լավ է ասի ինչ միջոցներով է հասել Ֆրանսիա, ինչու՞ է Թուրքիան տպել այդ վեպը: Պետք չի լղոզել ճշմարտությունները…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031