Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բարդ» կոմպոզիտորն արժանացավ պետական մրցանակի

Հունվար 24,2018 13:30

Էդուարդ Հայրապետյանի դիտարկումները

Օրերս պետական մրցանակներ հանձնվեցին 2017թ. գիտության եւ արվեստի ոլորտի լավագույնը ճանաչված ստեղծագործությունների եւ աշխատությունների հեղինակներին: Այդ թվում էր կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Հայրապետյանը՝ իր Դաշնամուրի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված կոնցերտով:

Մրցանակակիր այս ստեղծագործությանը երաժշտասեր հասարակությունը ծանոթ է ավստրիաբնակ դաշնակահար Նարե Արղամանյանի մեկնաբանմամբ: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ կոնցերտը գրել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հորդորով: Նշեց նաեւ, թե առաջին անգամ չէ, որ պարգեւ է ստանում նախագահի նստավայրում: «Ունեմ պարգեւներ՝ Խաչատրյանի եւ Թեքեյանի անվան, վաստակավոր գործչի կոչում, բայց այս անգամ ներսս մի տեսակ անհանգիստ էր, մեծ պատասխանատվության զգացում կար սեփական գործունեությանս հանդեպ»,-հայտնեց արվեստագետը: Շարունակելով էլ միտքը, կոմպոզիտորը վստահեցրեց. «Ունեմ դեռեւս չկատարված ստեղծագործություններ, բայց 1-2 այնպիսի երկեր, որոնք թեկուզեւ ժամանակին հնչել են, բայց ինձ այսօր չեն բավարարում»:

Մեր զրուցակցին հայտնեցինք, որ հանդիսատեսը առիթի դեպքում մտաբերում է 2014թ., երբ իր 65-ամյա հոբելյանին նվիրված երեկոյին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այլ ստեղծագործությունների թվում առաջին անգամ հնչեցրեց լարային նվագախմբի համար գրված նրա «Բարի գալուստ» երկը եւ Ալտի երրորդ կոնցերտը: Կոնցերտի մասին էլ հնչեցին կարծիքներ, թե գրված է տեխնիկական բարդ լեզվով եւ հավանաբար դա աշխարհում ալտի համար գրված ամենաբարդ ստեղծագործությունն է: Ասում են նաեւ, որ Հայրապետյանի ստեղծագործությունները հենց այդ պատճառով էլ հազվադեպ են կատարվում մեզ մոտ:

Այս առիթով կոմպոզիտորն ասաց. «Եղել են ժամանակներ, երբ սերտ ստեղծագործական կապեր ունեի Հայաստանի պետական կամերային նվագախմբի, հետեւաբար տարբեր ժամանակների այդ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարների՝ Զավեն Վարդանյանի, Էմին Խաչատուրյանի ու Արամ Ղարաբեկյանի հետ: Օրինակ, Ղարաբեկյանի ղեկավարությամբ նվագախմբի CD-ներում ու DVD-ներում հաճախ կարելի է հանդիպել երկերիս»: Հետո էլ հիշեց 1970-ականների կեսերին առաջին համագործակցությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. «Դավիթ Խանջյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարեց «Օրատորիա-1915» ստեղծագործությունը: Հետո գործերիս անդրադարձավ Լորիս Ճգնավորյանը, իսկ վերջին անգամ 2001թ. դիրիժոր Մերուժան Սիմոնյանի ղեկավարությամբ կայացավ 3-րդ սիմֆոնիայիս պրեմիերան: Դա արդեն սկիզբն էր Էդուարդ Թոփչյանի գեղարվեստական ղեկավարության»: Ինչ վերաբերում է, որ բոլոր ժամանակներում «բարդ» ձեռագիր է ունեցել կոմպոզիտորը, մեր զրուցակիցը պարզաբանեց. «1970-ականների կեսերից երբ սկսեց կարիերաս, դա այն ժամանակաշրջանն էր, երբ հայկական դասական երաժշտարվեստը սկսեց «ներառել» եվրոպական մշակույթի անցած ուղու նվաճումները: Հետեւաբար դա արտահայտվեց ոչ միայն իմ, այլեւ սերնդակից գործընկերներիս աշխատանքներում:

Կարճ ասած՝ այն տարիներին մենք «ներմուծեցինք» Արեւմուտքում առկա ժամանակակից ոճերը: Երիտասարդ տարիներիս հիմնականում ստեղծագործում էի կոնցերտային ժանրում, երկերս էլ կատարեցին մեր հիանալի երաժիշտներ՝ թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը, ջութակահար Բագրատ Վարդանյանը եւ մյուսները: Արտասահմանում էլ շատ են հնչել երկերս, օրինակ՝ Շվեդիայում, Հունաստանում, «Կոմիտաս» կվարտետի մեկնաբանությամբ, վերջերս էլ Կիեւում կատարվեց գործերս… Բոլորը չես թվարկի: Իսկ հետո անցա կամերային երաժշտության ոլորտ: Այստեղ մի շարք կարեւոր նրբություն կա. պետք է, ես կասեի՝ անհրաժեշտ է, որ նվագախումբն ու դիրիժորը մոտ լինեն ստեղծագործողի էսթետիկային: Դա ինձ համար գոնե ակնհայտ էր այն տարիներին, որ ստեղծագործում էի կամերային նվագախմբի հետ եւ վերջին շրջանում, որ կապ ունեմ Սմբատյանի ղեկավարած նվագախմբի հետ: Վերջինիս դեպքում տեսնում եմ, որ երաժշտությունս ոչ միայն իմ, այլ կոլեկտիվի երաժիշտների արյան մեջ է, այն էլ երիտասարդ: Այդ նվագախմբի հետ ձայնագրել եմ «Կորուսյալ օդապարիկ» պոեմը, «Սիբելիուս-երազ» ստեղծագործությունը: Լավ է, որ այսօրվա իմ պատկերացումները համընկնում են երիտասարդ երաժիշտների հետ»:

Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ չի ստեղծագործում ավելի մեծ, ասենք՝ բալետային կամ օպերային ժանրում, կոմպոզիտորն առանց մանրամասնելու հայտնեց, թե 1990-ականների սկզբներին Թենիսի Ուիլյամսի հանրահայտ «Տրամվայ ցանկություն» ստեղծագործության հիման վրա ունի գրված բալետ, հետո էլ հավելեց. «Ինձ շատ են ասել, որ, օրինակ, 53 րոպե տեւողությամբ 3-րդ սիմֆոնիաս տեսնում են բալետի ձեւաչափում եւ մեր ժամանակներում շատ ընդունված է մեծակտավ նման ստեղծագործությունների հիման վրա բեմադրություններ իրականացնելը: Բարիդրացիական հարաբերություններ ունեմ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ, բայց դեռեւս այդ թեմայով չեմ խոսել նրա հետ…»:

Հետաքրքրությանը, թե Հայաստանում եւ արտասահմանում մշտապես «հնչող» իր փեսայի՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ ունենո՞ւմ են ստեղծագործական բանավեճեր, Էդուարդ Հայրապետյանը պատասխանեց. «Վաչեն իր ճանապարհն ունի ու իր պատկերացումները… Նրա վերջին շրջանի գործերը, անկեղծ ասած՝ ինձ ավելի շատ են համոզում…»: Հետո էլ փեսայի ստեղծագործությունների մասին իր կարծիքը «ուղղեց»՝ նշելով. «Երաժիշտը կատարելագործվում ու կատարելագործվում է իր ողջ կյանքի ընթացքում»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

23.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031