Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դուր գալ շրջապատին-1

Հունվար 24,2018 13:00

Յուրաքանչյուր ոք շրջապատին ներկայանալու խնդիր ունի, որովհետեւ ցանկանում է, որ իր մասին ստեղծվի դրական կարծիք, արժանանա մյուսների հարգանքին: Այս առումով յուրաքանչյուրը պետք է հստակ հասկանա, որ եթե ուզում է իրեն հարգեն, ապա առաջին հերթին ինքը պետք է հարգալից վերաբերվի ուրիշներին: Այստեղ բանաձեւը շատ պարզ է՝ ուզում ես հարգվել՝ հարգի՛ր:

Կարծում եմ՝ շրջապատին դուր գալու ամենալավագույն միջոցը լեզուն է, բանավոր խոսքը: Եթե մի փոքր ուշադիր լինենք, ապա անպայման կնկատենք, որ մեր շրջապատում ուշադրության են արժանանում այն մարդիկ, որոնք խոսում են գրական հայերենով եւ որքան մաքուր, այնքան ավելի են նրանք մեր դուրը գալիս, թեեւ ինքներս խոսում ենք ահավոր ժարգոնով, բարբառախառն լեզվով, հայհոյախոսքով: Դա վերաբերում է թե ուսուցիչներին, թե հեռուստառադիո հաղորդավարներին, թե հեռուստատեսությամբ արտահայտվողներին, թե անծանոթ ցանկացած մարդուն, որին առաջին անգամ ենք տեսնում ու լսում: Հետեւաբար, այդպիսի դիտարկումից հետո ակնհայտ է դառնում, որ եթե ուզում եմ դուր գալ շրջապատին, ապա լուրջ ուշադրություն պետք է դարձնել լեզվին, որով ներկայանում եմ այդ նույն շրջապատին: Խնդիրն ըստ արժանվույն լուծելը դյուրին չէ, որովհետեւ մեր առօրյա կյանքում այնքան խաթարվել են մեր ընկալումները, այնքան օտարվել ենք մեր ավանդական արժեքներից, մեր լեզուն հագեցրել ենք գողական բառապաշարով ու արտահայտություններով, հայհոյախոսությամբ, ժարգոնով ու զազրախոսությամբ, որ այդ ամենից վեր կանգնելը դարձել է տանջանք, անհնարին մի բան: Դրան գումարած, որ այսօր քիչ ենք կարդում հայերեն դասական գրականություն, առանց որի դժվար կարող է ձեւավորվել հայերեն գեղեցիկ, պատկերավոր խոսքը: Դրան գումարած, որ այսօր հանդես են գալիս այնպիսի գրողներ, որոնց գրածը ծայրեծայր դարձել է հենց փողոցային ժարգոնը, ինչը իրենք հիմնավորում են իրենց ռեալիստ լինելով: Բայց դա ռեալիզմ չէ, այլ ընդամենը տաղանդի, գրողական շնորհի բացակայություն:

Այս առնչությամբ ուզում եմ մեկ օրինակ բերել Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» ստեղծագործությունից, որտեղ մեկ ֆրազով նա ներկայացնում է «մեծն» քաջ Նազարին. «Գյադե՛ք, հիմա էլ դեսը կանգնեք»: Այս արտահայտությունը նախ՝ ցույց է տալիս, որ դաստիարակված մարդը ուրիշին չի կարող անվանել «գյադա» արհամարհական բառով, անգամ եթե դիմացինի մասին այնքան էլ լավ կարծիքի չէ, երկրորդ, նա ցույց է տալիս, թե ովքեր են շրջապատում իրեն, երրորդ՝ նա ցանկանում է ցուցադրաբար իր այդ շրջապատին հիշեցնել, որ ինքը թագավոր է, այսինքն՝ նաեւ իր ցուցամոլությունը, չորրորդ՝ երբ ասում է «հիմա էլ», դա նշանակում է, որ դրանից առաջ արդեն ասել է «դեսը կանգնեք», այսինքն, ուրիշ ասելիք չունի իբրեւ թագավոր, նույնիսկ չի էլ փորձում ասել, որ նրանք որեւէ այլ գործողություն կատարեն եւ գոնե դրանով փորձի ցույց տալ, թե ինքը որքան հասկացող է գոնե նրանց համեմատ եւ այլն: Այս օրինակը բերելով, ցանկանում եմ նշել ոչ թե Դ. Դեմիրճյանի տաղանդավոր գրող լինելը, դա բոլորին վաղուց հայտնի է, այլ, թե ինչպես կարելի է մեկ բառով, մեկ նախադասությամբ ներկայացնել տգետ, ինքնահավան, «բիրդան աղա դարձած» մեկին եւ երբ մեր շրջապատում հանդիպում ենք այդպիսիներին, ապա ինչպես կարելի է վերաբերվել նման մարդկանց եւ ինչպես ներկայացնել:

Երբ դիմացինիդ մի բան ես ասում եւ քո կարծիքով նա քո ասածը չի ընկալել քո ուզածին համապատասխան, ապա հաճախ հակադարձում ենք. «ճիշտ չհասկացար», մի տեսակ կարծես նրան վիրավորում ենք, այնինչ ավելի ճիշտ կլինի ասել, օրինակ, «չկարողացա ճիշտ բացատրել»:

Առհասարակ, խոսելիս անհրաժեշտ է որքան կարելի է քիչ օգտագործել «ես»-ը, շեշտել քո իմացությունը, իբր դիմացինիցդ ավելին գիտես եւ, իհարկե, խուսափել ամեն տեսակ գռեհկաբանությունից:

Մի հանգամանք եւս: Եթե անգամ խոսում ես ոսկեղենիկ հայերենով, միշտ հիշիր, որ շատախոսությունը տգեղ երեւույթ է եւ պետք է կարողանալ ժամանակին լռել՝ ինչպես ասում են՝ լռությունը հաճախ ավելի խոսուն է: Ուշադիր լսելու ունակությունը պակաս կարեւոր չէ:

 

ՎԱԼԵՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ»

23.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031