Facebook սոցիալական ցանցն արձագանքել է համացանցի վերաբերյալ Եվրամիության նոր օրենսդիր նախաձեռնությանը, որն ավելի է կոշտացնում համացանցում մարդկանց անձնական տեղեկության պաշտպանության օրենսդրությունը: Օրենքը ուժի մեջ է մտնում մայիս ամսից:
Սոցիալական ցանցի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչ Շերիլ Սանդբերգն ասում է, որ ի պատասխան Facebook-ն ավելի դյուրին կդարձնի իր 2 միլիարդ օգտատերերի համար սեփական տեղեկության տնօրինումը:
Անձնական տվյալների պաշտպանության մասին կանոնակարգն իրենից ներկայացնում է ընդունված կանոնների փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտատերերին վերահսկելու իրենց մասին տեղեկությունը համացանցում: Այն ընկերությունները, որոնք խախտում են այս օրենսդրությունը, ենթարկվում են խոշոր տույժերի:
Facebook-ի ղեկավարությունը հաղորդել է, որ պատրաստվում է ոչ միայն համապատասխանեցնել իր գործունեությունը կանոնակարգի դրույթներին, այլ անել ավելին:
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ վերահսկեն իրենց տեղեկությունը: Եվրամիությունն ընդունել է համապատասխան չափանիշներ: Մենք աշխարհի տարբեր հատվածներում ստեղծում ենք անձնական տվյալների պաշտպանության կենտրոններ, որոնք կկենտրոնանան այս հարցերի վրա և ավելի մատչելի կդարձնեն մարդկանց համար իրենց տվյալների տնօրինումը»,- նշում է Սանդբերգը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: