Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտպանը միջնորդեց որպես վկա դատակոչել ականատես ոստիկաններին

Հունվար 23,2018 23:33

Հունվարի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության երկրորդ նիստը: Վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատական նիստը նախագահող դատավոր Զոյա Զաքինյանը դատավարության կողմերին բացատրեց նրանց իրավունքներն ու պարտականությունները: Այնուհետեւ Գերասիմ Մարդանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ալիխանյանը հանդես եկավ միջնորդություններով: Նա միջնորդություն ներկայացրեց քրեական գործով ականատես վկաներ, ոստիկանության աշխատակիցներ Հրանտ Խանզրատյանին եւ Արա Աստանյանին որպես վկաներ դատակոչելու եւ նրանց տված ցուցմունքները, տուժող Ժորա Սիմոնյանի հետ առերեսման արձանագրությունը, որպես քրեական գործի ապացույց ճանաչելու վերաբերյալ:

Հ. Խանզրատյանը եւ Ա. Աստանյանն իրենց ցուցմունքներում, նաեւ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում անցկացված ծառայողական քննության ժամանակ տված բացատրության ժամանակ նշել են, որ Գ. Մարդանյանը Ժ. Սիմոնյանին չի խոշտանգել: Փաստաբան Ռ. Ալիխանյանը նշեց, որ Ժորա Սիմոնյանի հարազատները որպես վկաներ դատակոչված են, իսկ ականատես վկաներ Հ. Խանզրատյանը եւ Ա. Աստանյանը`ոչ: Նա ասաց, որ Գերասիմ Մարդանյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն պատճառաբանությամբ, որ նա շարունակելով պաշտոնավարել՝ կարող է ազդել վկա ոստիկանների ցուցմունքների օբյեկտիվության վրա, մինչդեռ նշված ոստիկաններին որպես վկա չեն դատակոչել:

Գ. Մարդանյանի նկատմամբ մեղադրանքը ներկայացրել է ՀՀ Գլխավոր դատախազությունը, դատական նիստին Գլխավոր դատախազության լիազորագրով մասնակցում էր Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը: Նա առարկեց այդ միջնորդության դեմ, նշելով, որ դատարանն այդ միջնորդությանը կարող է անդրադառնալ վկաների ցուցմունքները լսելուց հետո: Տուժողի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան, Արա Ղարագյոզյանը եւ տուժող Ժ. Սիմոնյանը նույնպես առարկեցին պաշտպանի միջնորդությանը:

Արա Ղարագյոզյանը վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, նշեց, որ պաշտոնական պարտականությունների կատարման կասեցումը չի բացառում գործընկեր վկաների ցուցմունքների օբյեկտիվության վրա մեղադրյալի ազդեցությունը: Դատավոր Զոյա Զաքինյանը որոշեց պաշտպան Ռ. Ալիխանյանի միջնորդությունը բավարարել մասնակի, վկաների ցանկում ներառել Հրանտ Խանզրատյանին եւ Արա Աստանյանին, իսկ նրանց նախաքննական ցուցմունքներին անդրադառնալ ըստ անհրաժեշտության: Այնուհետեւ պաշտպան Ռ. Ալիխանյանը միջնորդություն ներկայացրեց տուժող Ժորա Սիմոնյանի 2017թ. հոկտեմբերի 13-ի բացատրությունը որպես քրեական գործով ապացույց ճանաչելու մասին: Պաշտպանի խոսքերով`Ժ. Սիմոնյանի բացատրության եւ նրա հետագա ցուցմունքների մեջ կան էական հակասություններ:

Դատախազ Ն.Չիլինգարյանը նշեց, որ ինքն այսօր է ստացել Գլխավոր դատախազության լիազորագիրը, պաշտպան Ալիխանյանի միջնորդությունների վերաբերյալ վերաբերմունք արտահայտելու համար քրեական գործերի նյութերին ծանոթանալու նպատակով խնդրեց հետաձգել դատական նիստը: Դատավոր Զ. Զաքինյանը դատական հաջորդ նիստ նշանակեց փետրվարի 9-ին, ժամը 14-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031