Բաքուն նոր բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պայմանագրի շուրջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Դա գործընթաց է, որը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Այժմ բանակցություններ են ընթանում: Դուք ավելի լավ գիտեք, որ ռուսական ռազմական արդյունաբերությունն առաջընթաց է ապրում, ի հայտ է գալիս նոր ժամանակակից սպառազինություն: Ինձ համար այժմ դժվար է խոսել ինչ-որ կոնկրետ տեսակների մասին, բայց ընդհանուր առմամբ մեր համագործակցությունն այդ ոլորտում բեղուն է»,- ասել է Ալիևը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել:
«Դրանց մեծ մասն իրականացվել են: Մենք ստացել ենք գնումները: Այժմ կաշխատենք համագործակցության հետագա ծրագրերի շուրջ: Ոչ մի սահմանափակում Ադրբեջանում և Ռուսաստանում չկա»,- ասել է նա:
Հունվարի 23-ին Դավոսում բացվել է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կշարունակվի մինչև հունվարի 26-ը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ