Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը համարում են, որ տնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է հասցնել վերընթաց զարգացող երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին

Հունվար 23,2018 19:55

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Նախագահ Մակրոնը ողջունել է Հայաստանի Նախագահին Ֆրանսիայում և նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:

Ֆրանսիայի նախագահը գործընկերոջից հետաքրքրվել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների վերաբերյալ Նախագահ Սարգսյանի մոտեցումներով, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերություններով:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը երկուստեք կարևորել են հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը, տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացումը՝ ընդգծելով, որ տնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է հասցնել վերընթաց զարգացող երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:

Անդրադառնալով Հայաստանում այս տարի անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է և հնարավորինս կաջակցի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը և նշել, որ մեծ նշանակություն է տալիս այդ կարևոր իրադարձությանը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031