ԳԱԱ կրտսեր գիտաշխատող Վարդիթեր Մադաթյանն այսօր թանկացումների թեմայով ԱԺ լսումների ժամանակ կառավարությանն առաջարկեց այսպիսի լուծում: Նա ասաց, որ քանի որ մեր երկրում գործազրկությունը բարձր մակարդակի է, միակ ելքը այս վիճակից թղթադրամի հավելյալ թողարկումն է: Նա առաջարկեց հավելյալ փող տպել՝ առանձին ֆոնդով եւ առանձին վերահսկողությամբ եւ ասաց, որ այդ դրամը հավասարապես պետք է բաժանվի ՀՀ քաղաքացիների միջեւ՝ տարիքային, սոցիալական վիճակը նկատի ունենալով:
Միջինիս ավելի եկամուտ ունեցող անձանց դեպքում ֆինանսավորումը պետք է վերաբերի միայն իրենց անչափահաս երեխաներին, մեծերին չտալ: Ըստ նրա, դա հնարավորություն կտա մարդկանց գոնե սնվելու հնարավորություն ունենալ:
Երբ ձայն տրվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու ավագանու անդամ Անի Սամսոնյանը տեղից դժգոհեցին, ասացին, որ լսումներն արդար չեն, իրենց ձայն չեն տալիս: Բաղդասարյանը պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ նման հնարավորություն է ընձեռնվում նման մարդկանց այս դահլիճն օգտագործելու»:
Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ասաց, որ գնաճն անխուսափելի է աշխարհի ցանկացած երկրում, նաեւ գնանկումը, այն կախված է տնտեսական զարգացումներից շուկայի թելադրանքից. «Գնաճն իջեցնելու համար մենք հարկե՞րը իջեցնենք, ինչպես առաջարկում են մեր գործընկերները՝ դա արհեստական է: Աշխատավարձերը բարձրացնելու համար հարկե՞րը բարձրացնենք, դա նույնպես արհեստական է: Մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր տնտեսական ակտիվությունը բարձրացնելու մասին»:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ կա արհեստական գնաճ որոշ ապրանքատեսակների դեպքում. «Հորդորում ենք, պարո՛ն Շաբոյան, ձեզ եւ ձեր հանձնաժողովին, եթե նմանատիպ երեւույթներ կան, շատ արագ պետք է բացահայտվեն։ Դրանք պետք է կանխվեն եւ պատժվեն, դա պարտադիր երեւույթ է»:
Նա ասաց, որ ԱԺ-ի ընդունած որեւէ օրենք դոգմա չէ, ժամանակի ընթացքում շուկայի թելադրանքով կարող է փոխվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ