Աժ նախկին պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր իր թիմակիցների հետ շրջել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ու թանկացումների մասին իրազեկման ակցիա անցկացրել:
Նա խոսեց թանկացումների մասին՝ ասելով, որ ամեն օր առաջին սպառման ապրանքները թանկանում են, ամեն օր ՀՀ-ից գաղթում են հազարավոր քաղաքացիներ. «Այսօր Հայաստանում ապրում է մեկ միլիոն աղքատ մարդ, այն մեկ միլիոնն էլ, որ աղքատ չէ, կամ ցանկանում է լքել ՀՀ-ն կամ համակերպվել է իրավիճակի հետ»:
Ըստ նրա, ՀՀ քաղաքացիներին զրկել են լսելու հնարավորությունից: «Մենք չենք լսում ու հետեւաբար չենք կարողանում դիմադրել ճնշումներին ու կեղեքումներին: Ինչու եք ընտրել այս տիպի աշխատանքն ու կոպեկներ վաստակում, որովհետեւ ՀՀ-ում գործում են մենաշնորհներ, ու ամեն ինչ պատկանում է մի քանի ընտանիքի»,- հավաքված առեւտրականներին դիմելով շարունակեց կուսակցության առաջնորդը:
Ըստ նրա՝ պարտավոր ենք ունենալ ազգային հեղափոխություն, առանց դրա ապրելու համար առաջընթաց չի լինի. «Պետք է իրականացնենք համահայկական մեծ ընդվզում բոլոր քաղաքներում ու գյուղերում միաժամանակ՝ նույն օրերին, բոլորս ձեռք-ձեռքի բռնած պետք է դուրս գանք փողոցներ ու այդ մեր ուժի ներքո կարող ենք տապալել այս ապօրինի գործող իշխանությունը, մեզ պետք թիկունք կանգնի մեր սփյուռքը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ