Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա պետք է լինի երկու երկրների միջև համարձակ փոխզիջում». Էմանուել Մակրոնը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

Հունվար 23,2018 19:01

«Դուք շատ երկար ճանապարհ եք անցել՝ կառուցելով ամուր ժողովրդավարական երկիր արևելքի և արևմուտքի միջև»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային ճաշից հետո հայտարարեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի նախագահը վստահեցրեց՝ «անկայուն տարածաշրջանում Ֆրանսիան միշտ ձեզ հետ կլինի»:

Էմանուել Մակրոնը հայտնեց, որ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրն այսօր չի մասնակցում հանդիպմանը, քանի որ Մարսելում նրա համերգն է կայանում:

Ֆրանսիայի նախագահի հավաստմամբ՝ 2018-ը Հայաստանի համար կարևոր տարի է լինելու, քանի որ մայիսին ՀՀ-ն տոնելու է Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակը, այդ կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան:

Էմանուել Մակրոնը տեղեկացրեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցության ՀՀ-ի հրավերով այց կկատարի Հայաստան և առիթից օգտվելով՝ պետական այց կկատարի Հայաստան:

Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել է նաև տնտեսական հարաբերությունների, ներդրումների, տուրիզմի, էներգետիկայի ոլորտներին վերաբերող խնդիրներ:

Էմանուել Մակրոնն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Նա հայտարարեց. «Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը հաստատեցի, որ մեզ համար կարևոր է հակամարտության կարգավորման հարցում լուծում գտնելը: Դա պետք է լինի երկու երկրների միջև համարձակ փոխզիջում»:

Ֆրանսիայի նախագահը հայտարարեց՝ այն բանակցությունները, որ սկսել են Ժնևում, մյուս բոլոր հանդիպումները՝ նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով, ունեն կարևոր դերակատարություն: Ֆրանսիայի նախագահը նաև կարևորեց Կրակովում ձեռք բերված պայմանավորվածությունները: Եզրափակելով խոսքը՝ Էմանուել Մակրոնը հայտարարեց. «Գիտեմ, որ խաղաղության քարոզումը շատ դժվար է, և ցանկանում եմ, որ հանդիպումները կոնկրետ արդյունքներ ունենան»:

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը տպավորիչ և անկեղծ համարեց: Իր ելույթում վստահեցրեց, որ կենսական հարցերում իրենց տեսակետները համընկնում են, իսկ մյուս հարցերում դրանք շատ մոտ են: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԼՂ հակամարտությունը տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է և հավաստիացրեց.

«Խոսել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերեւս, մեր տարածաշրջանի զգայուն թեմաներից է: Մենք բարձր գնահատեցինք Ֆրանսիայի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մոտեցումները, երկարամյա ջանքերը ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը եւ մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ համագործակցության հաստատմանը: Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները, հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության համար, ինքնորոշման համար եւ այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»:

Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի նախագահն իր հավանությունն է տվել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում անցկացնել Ֆրանկոֆոն գործարարների համաժողով, որը նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը Սերժ Սարգսյանը վստահեցրեց՝ սա համաձայնագիր է, որը նոր հորիզոններ է բացում երկկողմ համագործակցության համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Փարիզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031