Թուրք ակադեմիկոս Յավուզ Օրնեքը պնդում է, որ ապացույցներ ունի այն մասին, որ Նոյ մարգարեն իր որդուն է զանգահարել բջջային հեռախոսով, գրում է «Հյուրիյեթը»:
Դեռ հունվարի 6-ին Ստամբուլի համալսարանի դասախոսը թուրքական TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ հայտնի ջրհեղեղից առաջ Նոյը իր որդու հետ հաղորդակցվել է բջջային հեռախոսով, և այդ պատմությունը տեղ է գտել և՛ Ղուրանում, և՛ Հին Կտակարանում:
Գիտնականը հայտարարել է, որ իր համալսարանն իրեն խնդրել է վերջ տալ այդ անհավանական տեսությանը:
«Համալսարանն ինձ ասել է. «Հիմա մի՛ խոսիր այդ մասին, դու կարող ես քո ապացույցները բերել, երբ կրքերը հանդարտվեն»»,- պատմել է նա:
Օրնեքը նաև նշել է, որ հեռուստաշոուի ժամանակ իրեն բավարար ժամանակ չեն տվել իր խոսքն ապացուցելու համար:
«Հեռուստաշոուի ժամանակ նրանք ինձ բարկացրին: Ես կարող էի պատշաճ կերպով ապացուցել իմ խոսքը: Երբ ես հանկարծ ասացի «բջջային հեռախոս», բոլորը դեմ արտահայտվեցին ինձ: Եթե նրանք թույլ տային, ես կարող էի ապացուցել»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, գիտնականը նշել է, որ ինքը մեծ թվով դրական արձագանքներ է ստացել հեռուստադիտողներից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ