Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալությո՞ւն հայտնենք, որ մեզ չեք կերել». Գեւորգ Գորգիսյան

Հունվար 23,2018 17:07

«Աֆրիկյան երկրներ կան, որտեղ իշխանությունները բառի բուն իմաստով կերել են ընդդիմությանը, շնորհակալությո՞ւն հայտնենք, որ մեզ չեք կերել»,- այսօր ԱԺ-ում թանկացումների մասին լսումների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Նա ասաց, որ «Հարկային օրենսգրքով» դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին դրույթը շատ խնդրահարույց է թռչնամիս ներմուծող եւ արտադրող, կաթնամթերքից պանիր արտադրող ընկերությունների համար. «Օրենսգիրքը ընդունելուց առաջ պետք է շահագրգիռ անձանց հետ խոսեիք, տեսնեիք, ինչ խնդիր կա, եթե այս դրույթը չփոխվի, մենք ունենալու ենք նաեւ թռչնամսի գնի աճ: Նախ, որակի անկում ենք ունենալու, որովհետեւ օրենքը պահանջում է, որ ներմուծեցիր թռչնամիս, պետք է ոչ թե ամեն մի արկղի, այլ ամեն մի հավի վրա դրոշմապիտակ խփես: Սառածի վրա չի կպնում, պետք է հավը հալեցնել, վրան կպցնել, նորից սառեցնել, ինչը բերելու է որակի անկման»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հակադարձեց, ասելով, որ նույնիսկ պատգամավորների խումբ են ուղարկել թռչնաբուծարան, որ խնդիրները հասկանան: Նա վստահեցրեց՝ «Թռչնամիսը դրոշմապիտակավորումից դուրս է հանված, ուղղակի, որ իմանաք: Տեղական արտադրության թռչնամիսը դրոշմապիտակավորման անհրաժեշտություն չունի»:

Իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը արտահերթ ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ պատգամավորը մեջբերել էր նախարարի այն խոսքը, թե 2011-ին 7 տոկոս գնաճ է եղել, մա՞րդ է մեռել ու հեգնել:

Նախարարն ասաց, որ եթե առանձին միայն այդ հատվածն են վերցնում իր խոսքից, շատ գռեհիկ է. «Տպավորություն կարող է ստացվել, որ ֆինանսների նախարարը շատ գռեհիկ եւ մեծամտական մոտեցում ունի այն հարցի շուրջ, որը մեզ բոլորիս հետաքրքրում է: Եթե կլինի այդպիսի տպավորություն, որ մեր հայրենակիցներից ցանկացած անձ այդ արտահայտությունը կընկալի՝ որպես մեծամտական դրսեւորում, ես այս բարձր ամբիոնից խնդրում եմ ներողամիտ լինել: Իհարկե, այդպես չի եղել, մի ֆրագմենտ է եղել»:

Նախարարն ասաց, որ նշել է, որ նախորդ տարիներին ավելի բարձր գնաճ է եղել, բայց մեռնելու մասին խոսք չի եղել, ուստի եւս մեկ անգամ ազգաբնակչությունից ներողություն խնդրեց. «Ես ինձ համարում եմ ՀՀ քաղաքացի, մեծ պատասխանատվությամբ եմ պաշտոնավարում եւ կարծում եմ, մեր ջանքերը պետք է ուղղվեն մեր քաղաքացիների համար բարեկեցիկ ապագա ապահովելուն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031