«Թոշակառուների հայկական միավորում» ՀԿ նախագահ Ռոլանդ Ավետիսյանն այսօր թանկացումների թեմայով ԱԺ լսումների ժամանակ անդրադարձավ իր խոսքերով՝ կարմիր գրքում գրանցված թոշակառուների ապրած բերկրանքն ու թշվառությունները. «Թոշակառուներն այսօր իսկապես ապրելու, իրենց կենսական պահանջները բավարարելու լուրջ խնդիրներ ունեն, այնքան լուրջ, որ նույնիսկ ԱԺ հարգարժան պատգամավորների հորդորները, որ ձեր ի՞նչ գործն է միս ու կարագ ուտելը, կամ եթե ուտելու բան չունեք, կարտոշկա կերեք, մեկ է, կարտոշկան էլ թանկացավ 30 տոկոս…այս ամենի ֆոնի վրա բարձրաստիճան քուրմերի հայտարարությունը, թե կառավարությունը ի՞նչ մեղավոր է, ի վերջո, պարոն Շաբոյա՛ն, մեր հասարակությունն այսօր սոված է, մարդիկ հաց չեն ունենում: Խորհուրդ են տվել կարտոֆիլ ուտել, դա էլ չունենք, որեւէ մեկը մեղավորություն ունի՞, թե՞ չէ: Վերջապես մեր հասարակությունն անմե՞ղ է, թե՞ անմեղսունակ, եթե քննարկում ենք անում, եկեք հասկանանք ինչն ինչոց է»:
Ըստ թոշակառուի, գնաճը թելադրված է: Իրական գնաճը, ըստ նրա, 29.4 տոկոս է, մնացածը տոկոսային աճպարարություն է. «Կառավարությունը լուրջ խնդիր ունի թոշակառուների հետ մեղմ ասած մարդավարի վերաբերվել»:
Կարտոֆիլ ուտելու հետ կապված ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն արձագանքեց, թե ԶԼՄ-ները այդ մասին իր խոսքը խեղաթյուրել են, նենգափոխել. «Եթե իմ խոսքը ձեզ վիրավորել է, ես ներողություն եմ խնդրում: Ես որեւէ մեկին վիրավորելու ցանկություն անգամ չեմ ունեցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ