Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ սկսվել է Աղին գյուղի անասնագոմերից գողություններ կատարելու մեջ մեղադրվող, ազգությամբ եզդի Յուսուֆ Քալաշյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։ Վերջինս, լինելով գործազուրկ, իրեն կարծես գործ է ճարել․ Աղին գյուղի բնակիչներից մեկի անասնագոմից 44 հազար ՀՀ դրամ արժողությամբ երկու խոճկոր է տարել, նույն գյուղի մեկ այլ բնակչից էլ՝ 15 հազար դրամ արժողությամբ 5 հավ։ Վերջինս գողությունները կատարել է մեկ ամսվա տարբերությամբ․ օգոստոս ամսին գողացել է խոճկորները, սեպտեմբերին էլ՝ հավերը։
Ըստ մեղադրական եզրակացության,․ «Յուսուֆ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2017թ օգոստոս ամսին, մուտքի դռան փականը բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել ՇՄ Աղին գյուղի բնակիչ Հ.Տոնոյանի անասնագոմ և այնտեղից գողացել զգալի չափի` ընդհանուր 44.000 ՀՀ դրամ արժողության երկու խոճկոր:
Բացի այդ, Յ.Քալաշյանը 2017թ. սեպտեմբերի 21-ին, ժ.21:00-ին ,ապօրինի մուտք է գործել ՇՄ Աղին գյուղի բնակիչ Ա.Պետրոսյանի անասնագոմ և գողացել 15.000 ՀՀ դրամ արժողության թվով 5 հավ»:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Քրեական օրենսգրքի այդ հոդվածը, որը կոչվում է «Գողություն», սահմանում է․«Գողությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով եւ տուգանքով նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա»:
Յուզուֆ Քալաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, վերջինս նախկինում դատված չի եղել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ