Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարի եղեք ասեք՝ էս ի՜նչ լավն է էս իշխանությունը, 52 տոկոսով հնդկաձավարն է իջել, 20 տոկոսով էլ հավի միսը». Շարմազանով

Հունվար 23,2018 16:07

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր թանկացումների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց, որ գնաճի դեմ կարելի է պայքարել մի քանի տարբերակով՝ ներքին արտադրությունը զարգացնելով, սուբսիդավորելով եւ օգտվել այն այլընտրանքից, որը կա:

Շարմազանովն ասաց, որ ԵԱՏՄ անդամակցությունը ոչ թե բացասաբար է ազդել մեր երկրում գների վրա, առանձին ապրանքների գնագոյացման վրա, այլ ընդհակառակը, մեզ հնարավորություն է տալիս այլընտրանքի՝ ավելի էժան ապրանքներ ներկրելու. «Պարոն Փաշինյան, չեմ կարծում, որ մենք պետք է առաջարկենք խառը կանաչի կամ սխտոր ուտել, պետք է այնպես անել, որ մեր հասարակության յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունենա իր ընտանիքը նորմալ, արժանապատիվ պահի: Դրա համար բյուջեում եւ կառավարության ծրագրում գրված է, որ մենք պարտավոր ենք ավելի մեծ տնտեսական աճ ապահովել, քան գների աճ»:

Շարմազանովն ասաց, որ հարկերն ու տուրքերն էլ լավ չեն, բայց եթե դրանք չտանք, բա աշխատավարձերը, թոշակները որտեղի՞ց ենք տալու. «Մի՞շտ է, որ գնաճը վատ է, արհեստական գների անկումը մի՞շտ է օգնում տնտեսության աճին»:

Նա նշեց, որ իրենց խնդիրը պետք է լինի ոչ թե արհեստականորեն գները իջեցնելը, այլ եկամուտ ապահովելը, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքները պահել. «Խոսում եք գնանկման մասին, մարդը ասեց, բա ինչի՞ չեք ասում, հավի միսը 20 տոկոսով իջել է: Պարոն Շաբոյան, թե խաբեմ՝ կասեք խաբում է: 14 տոկոսով շաքարավազն է իջել, 5-6 տոկոսով ալյուրն է իջել, 52 տոկոսով հնդկաձավարն է իջել: Բա սրա մասին ինչի՞ չենք խոսում, ժողովուրդ ջան, եթե վատի համար, գնաճի համար մեղավոր է իշխանությունը, ուրեմն լավի համար էլ բարի եղեք ասեք՝ էս ի՜նչ լավն է էս իշխանությունը, 52 տոկոսով հնդկաձավարն է իջել, 20 տոկոսով էլ հավի միսը, այլ ոչ թե այստեղ միայն մեջբերենք սոխը, սխտորը եւ խառը կանաչին: Արդարացի չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031