Հունվարի 23-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի միավորումների և զորամասերի՝ 2017 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև Արցախի հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը: Նիստին ներկա էին նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարներն ու առանձին ոլորտների պատասխանատուները, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Օրվա աշխատակարգը ներկայացնելուց հետո, Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը, հանդես է եկել ծավալուն և համապարփակ զեկույցով, որում անդրադարձ է կատարվել 2017 թվականի ընթացքում զորքերի պատրաստության պլանով կատարված աշխատանքների արդյունքներին: Հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ՊԲ-ում առաջընթաց է արձանագրվել զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններով, մասնավորապես, որպես ապրիլյան պատերազմից հետո սկսված համակարգային գործընթացների տրամաբանական շարունակություն, ամրապնդվել է առաջնային գիծը, իրականացվել են ինժեներական լրակահավորման ծավալուն աշխատանքներ, կատարելագործվել են կրակային դիրքերը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ղեկավարման համակարգի կատարելագործման, ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարձրացման, ՊԲ-ը սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշներով համալրելու, եղածը արդիականացնելու, զորատեսակների և ստորաբաժանումների փոխգործակցության ու ներդաշնակման և մյուս բոլոր ուղղություններով: Իհարկե, նշված ժամանակահատվածում, առանձին ոլորտներում արձանագրվել են նաև որոշակի թերացումներ և բացթողումներ, սակայն, դրանց վերացման ուղղությամբ իրականացված և շարունակվող աշխատանքները բացառել են վերը նշված երևույթների բացասական ազդեցությունը բանակի ընդհանուր մարտունակության վրա: Պաշտպանության նախարարի համոզմամբ՝ հանրապետության զինված ուժերը կատարել են 2017 թվականի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և մեր ժողովրդի համար ապահովել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի ևս մեկ տարի՝ նաև պայմաններ ստեղծելով ՊԲ-ի հզորացման գործընթացը հետագայում առավել բարձր նշաձողի հասցնելու առումով:
Այնուհետև հրապարակվել է ՊԲ-ի հրամանատարի ամփոփիչ հրամանը, որի համաձայն 2017 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքներով առավել բարձր ցուցանիշներ արձանագրած զորամասերը, զորատեսակներն ու ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոդրոշներով, արժեքավոր նվերներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտից հետո, ռազմական խորհրդի մասնակիցներին և ՊԲ-ի բոլոր զինծառայողներին ուղղված խոսք է ասել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով անդրադառնալով ընթացիկ տարվա կարևորագույն խնդիրներին, վստահեցրել է, որ ինչպես պաշտպանական համակարգի հետագա ամրապնդման, այնպես էլ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության խնդիրները այսուհետ ևս կշարունակեն մնալ հանրապետության բարձրագույն իշխանությունների մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն