Դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով, այն քաղաքական գործիչները, որոնք հակված են Ադրբեջանի շահերը պաշտպանել, հավանաբար փորձում են Հայաստանին դեղին քարտ ցույց տալ՝ կապված նրա աշխարհաքաղաքական քայլերի հետ՝ մասնավորապես Եվրոպայի նկատմամբ մոտեցման համար: Այսօր «Մեդիա կենտրոնում» նման կարծիք հայտնեց դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանին ՌԴ-ի տրամադրած հերթական զենքի խմբաքանակին:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ռուսաստանը հերթական զենքի խմբաքանակն է ուղարկել Ադրբեջան, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն էլ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ստացված ողջ ժամանակակից զինտեխնիկան կտրամադրվի ԼՂ հակամարտության գոտում գտնվող զինվորներին:
«Առանձնապես մեծ փոփոխություն տեղի չի ունեցել, զենքը տվել են ու բացատրում են՝ ինչու են տալիս, մոտիվացիան գիտենք, ասում են, որ մեզնից չառնեն, ուրիշներից կառնեն, բայց ինձ թվում է, որ այն քաղաքական գործիչները, որոնք հակված են Ադրբեջանի շահերը պաշտպանելու, հավանաբար փորձում են Հայաստանին դեղին քարտ ցույց տալ՝ կապված նրա աշխարհաքաղաքական քայլերի հետ՝ նկատի ունեմ Եվրոպայի նկատմամբ մոտեցումը: Ամեն բանի հետեւում կան պատճառներ, ինչու հենց հիմա, համոզված եմ, որ նույն Մոսկվայում կան տարբեր ռազմական ու քաղաքական գործիչներ, որոնք տարբեր կերպ են մոտենում այս խնդրին, գիտենք թե ինչ ելույթներ են ունենում, ինչպիսի հակահայկական արշավ են մղում ու գիտենք՝ ինչպես են աշխատում ադրբեջանցիները, չպետք է մոռանանք, որ այնպես չէ, որ Պուտինն այնտեղ ձեռք խփի ու կասի սրան զենք տվեք, նրան մի տվեք եւ այլն: Այստեղ ե՛ւ ֆինանսական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական խնդիրներ են դեր խաղում»,- ասաց Արման Նավասարդյանը:
Ըստ նրա՝ զենքի նոր խմբաքանակի տրամադրումը շարունակությունն է այն պայմանագրի, որը բոլորին է հայտնի. «Բայց մի փոքր չափազանցված են դրա պարամետրերն ու չափերը, սպառնալիքի աստիճանը, հրետանային զենքը լուրջ վտանգ է ներկայացնում, բայց BTR-ները, ինչի վրա Ադրբեջանը ուշադրություն է դարձնում, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի