Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն այսօր խորհրդարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին եւս:
Հիշեցնենք, խորհրդարանում այսօր մեկնարկած «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումների ժամանակ հայտնի դարձավ, որ պատգամավորներն ու ՀԿ սեկտորի ներկայացուցիչները ԱՎԾ պետին հարցեր տալ չեն կարող, ինչը ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորների դժգոհության առիթ տվեց:
Լրագրողներն ԱՎԾ պետին խնդրեցին պարզաբանել`ինչո՞ւ է խուսափում հարցերի պատասխանելուց: Նա սկսեց մեջբերել օրենքներն ու որոշումները, համաձայն որոնց իրենց քաղաքական դեբատների մեջ ներքաշել հնարավոր չէ, եւ որ իրենք զուտ փաստական տվյալներն են արձանագրում:
Հարց հնչեց` պաշտոնապես ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն է համարվում աղքատ: ԱՎԾ պետը վկայակոչեց 2016 թվականի տվյալները. «Մենք հրապարակել ենք 2016 թվականի արդյունքները, 29.4 տոկոս ՀՀ-ում, ՌԴ-ում՝ 13, Ուկրաինայում՝ 3 տոկոս, Ադրբեջանում՝ 5, Ղազախստանում՝ 9»:
Ստեփան Մնացականյանն անմիջապես հեռացավ, երբ հնչեց հաջորդ հարցը` Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության պատճառով չէ՞, որ ՀՀ-ում աղքատության մակարդակը տարեցտարի բարձրանում է:
Ն. Գ.