Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ անդամներից Բելառուսը եւ Ղազախստանը նույնպես օգնում են Ադրբեջանին զինվել. Գեւորգ Մելիքյանի մեկնաբանությունը

Հունվար 23,2018 15:51

Ադրբեջան-Բելառուս հարաբերությունները ամրապնդվում են 2002 թվականից: Անցած տասը տարիների ընթացքում Ադրբեջանը Բելառուսից կես միլիարդ դոլարի զենք է գնել: Այս տվյալներն այսօր հրապարակեց Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը`«Անվտանգային դինամիկան Հայաստանի հարեւանությամբ» թեմայով քննարկման ժամանակ:

Փորձագետին զարմացնում է, որ հայկական լրատվամիջոցները միայն 2017-ի վերջերին անդրադարձան այս խնդրին, արձանագրելով, որ Ադրբեջանը 170 միլիոն դոլար է փոխանցել բելառուսական «Պոլոնեզին»: Հայկական մամուլում այս առիթով քննարկման բացակայությունը փորձագետին մտահոգում է, քանի որ, իր կարծիքով, խոսքը շատ լուրջ ռազմական տեխնիկայի մասին է, որը, ըստ էության հանդիսանում է Հայաստանի ձեռք բերած «Իսկանդերների» պատասխան:

Ավելին, Գեւորգ Մելիքյանն ահազանգում է, Ադրբեջանն ու Բելառուսը Գանձակում միասին գործարան են հիմնում: Արտադրելու են ռազմական քարշակներ: Ասում է`հասկանալի է, պաշտոնական Երեւանը հարցը քանիցս բարձրացրել է, մի փոքր էլ կաշկանդված է, բայց պաշտոնական Ստեփանակերտը եւս լռում է: Մինչդեռ, ինքը կարծում է, որ սա լավ առիթ էր իր ինքնուրույն սուբյեկտ լինելը ցույց տալու համար: «Ստեփանակերտը թիրախավորում է Ուկրաինան, որը Բելառուսի հետ համեմատ բավական թույլ է համագործակցում Ադրբեջանի հետ կամ ընդունում է Աբխազիայից եւ Օսեթիայից պատվիրակություններ, ոգեւորված ողջունում է իրաքյան Քրդստանի հանրաքվեն»,- ասաց նա:

Բանախոսն ահազանգում է ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրի`Ղազախստանի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման մասին: Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմական համագործակցություն է ձեւավորվում: Բալիստիկ հրթիռներ են նախատեսում արտադրել: Այսինքն, Ղազախստանը նույնպես կօգնի Ադրբեջանին զինվել:

Պաշտոնական Երեւանին էլ հորդորում է`Ադրբեջանի կործանման մասին հեքիաթներ պատմելու եւ դրանց հավատալու փոխարեն, պետք է քայլերին հետեւել, որոնք հօգուտ մեզ չեն խոսում. «Ադրբեջանը մի քանի քայլ առաջ է մեզանից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031