Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարագը թանկացել է՝ խառը կանաչի կերեք, գիտությունը գիտե՞ք երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է». Փաշինյան

Հունվար 23,2018 15:44

Այսօր «Առանձին ապրանքների գնաճի պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով ԱԺ լսումների ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ կարագը թանկացել է, քանի որ հայտնաբերվել է, որ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը:

Իր ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իմիջիայլոց, կարագը պատրաստում են կաթից, դա էլ գիտնականները ընդամենը մեկ շաբաթ առաջ են պարզել, բա ինչո՞ւ մեր գյուղացիներից մթերվող կաթի գինը չեն բարձրացրել:

Ինչ վերաբերում է օգտակարությանը, Փաշինյանը հեգնեց՝ կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք, ժողովուրդ ջան, ինչ է եղել, որ, գիտությունը գիտե՞ք երբ պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտեք վիտամիններ կան մեջը: Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, գիտե՞ք ինչ օգտակար է կանաչ սոխը, որեւէ մեկը կասկածի տակ դնո՞ւմ է կանաչ սոխի օգտակարությունը, կամ խոզի միսը թանկացել է՝ սխտոր կերեք, բենզինը թանկացել է՝ բրդեք ձեր ավտոները, մենք էն օրը ցույց տվեցինք, ինչ է, թեւներումդ ուժ չկա՞, համ էլ ֆիթնես է»:

Ըստ Փաշինյանի, անհասկանալի է, ինչպե՞ս է համատարած գնաճի պայմաններում եկել այն եզրակացության, որ գնաճը ընդամենը 2,6 տոկոս է: Նա նշեց, որ ապրանքներն ունեն տեսակարար կշիռ, խառը կանաչու եւ կարագի տեսակարար կշիռները նույնը չեն, թանկացած ապրանքները իրենց տեսակարար կշիռով ավելի ծանր են, քան էժանացած ապրանքները: Նա ասաց, որ մեր կառավարության անդամները իրականությունը ասես վերցնում են, գցում են google translate-ի մեջ, մյուս կողմից թարգմանած հանում, դրա համար իրենց ասածն անհասկանալի է:

Փաշինյանն ասաց, որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ կրթված, բոյով, ասել է, որ 2011-ին 7 տոկոս գնաճ է եղել, մա՞րդ է մեռել. «Փակեք լսումները, գնանք տներով, այսինքն, մեր չափանիշը մարդ մեռնե՞լն է: Հայաստանում այնքան բանից մարդ չի մեռնում, տնտեսության չզարգացումից մարդ մեռնո՞ւմ է, սա՞ է մեր չափանիշը»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ իրենց ուշքը չի գնում թանկացումների համար, որեւէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով, դա բոլորի ընտանիքների վրա էլ անդրադառնում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031