«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր թանկացումների վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ ասաց. «Տպավորություն է, որ մենք քննարկում ենք, ոչ թե գնաճը մեղմելու հնարավորությունը, այլ լսում ենք ապացույցներ, որ գնաճը մեղմելու հնարավորություն չկա»: Նա նշեց, որ գազալցակայաններում մենք տեսնում ենք վճարների տարբերություն, բայց մենք չենք տեսնում այդ գումարը ընդհանուր վճարի մեջ, որովհետեւ նրանք մանեւրում են. «Երբ ասում ենք, որ գյուղմթերքն էժան է կամ թանկ է, ունենք պրոբլեմ, այն կարող ենք դիտարկել ինքնարժեքի տեսանկյունից՝ չարաշահում ունե՞նք, թե՞ չունենք: Ե՞րբ ենք գյուղմթերքի գների կարգավորման ագրարային քաղաքականությանը գնալու»:
Նախարարը պատասխանեց, որ ճիշտ չէ գների կարգավորման գնալը, որովհետեւ անընդհատ պետք է բյուջեից փող հանեն, գները կարգավորեն, բա վաղվա թանկացումների հետ ի՞նչ են անելու. «Մենք չենք կարող անվերջ գումար բերել բյուջեից եւ գները պահել կայուն, կա շուկա, շուկայական գին, պետք է մրցակցային արտադրող լինենք: Գները կարգավորելը հակասում է շուկայական հարաբերություններին»:
Իգնատի Առաքելյանը տեղեկացրեց, որ ԵՄ-ի աջակցությամբ պատրաստվում են ներդնել մթերողների ինստիտուտը. «Մենք աշխարհագրական կետեր ենք ընտրելու սառնարանային տնտեսությունների, կաթի մթերման կենտրոնների, նրանք աշխատելու են ֆերմերների հետ: Ֆերմերը կիմանա իր պատվերն ինչ է լինելու, ինքը ինչ պետք է ցանի եւ ինչ գնով են իրենից գնելու»: Այս ծրագրի միջոցով փոքր ընտանիքներն էլ կկարողանան աշխատել, ստանալ պատվեր եւ ցանել այն, ինչ ասում են:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հարցրեց նախարարին, արժե՞ր արդյոք ունենալ գյուղատնտեսության նախարարություն, ագրարային քաղաքականություն վարո՞ւմ են: Նախարարը պատասխանեց, որ այսօր գործում է 2010-20թթ. ռազմավարությունը եւ զարգացնում են գյուղատնտեսությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ