Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «ՌԴ-ն իր բիզնես քայլով բերելու է հայ ռուսական հարաբերությունների վատթարացման»

Հունվար 23,2018 15:31

Կրակովում վերջերս ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը զուգահեռվեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակի վաճառքով, փոխկապակցված էին եւ ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի, սպառնում են Հայաստանի անվտանգությանը: ՄԱՀՀԻ-ում այսօր քննարկում էր կազմակերպվել «Անվտանգային դինամիկան Հայաստանի հարեւանությամբ» թեմայով:

ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածվեց հայտարարություն, որում խոսվում էր անվտանգության մեխանիզմների ամրապնդման մասին: Պաշտոնական Երեւանն ու Արցախը դիրքորոշում էին ներկայացրել, որ անվտանգության միջազգային երաշխիքներ պետք է ապահովվեն: Համանախագահներն էլ խոսել էին Վիեննայի պայմանավորվածությունների կատարման մասին, որոնք էլ լինելու էին վստահության ապահովման ուղղակի քայլ:

Բայց, տեղի ունեցածը Ստեփան Սաֆարյանն այսպես է բնութագրում`«ՌԴ-ն եթե հրապարակային դաշտում հնարավորություններ չունի Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը դեմ դուրս գալու, ինչի ապացույցները բազմաթիվ են եղել նախորդ տարիների ընթացքում, իրեն բնորոշ եղանակներով փորձում է թույլ չտալ կողմերի միջեւ վստահության մեխանիզմների ձեւավորմանը: «Կարծում եմ, Կրեմլում, այդ թվում նաեւ շաբաթներ առաջ անսպասելի եւ ոչ այնքան հրապարակային օրակարգով Բաքու ժամանած ՌԴ փոխվարչապետ Ռագոզինը, շատ լավ հասկանում էին, որ Ադրբեջանը չի կարող դա որպես ուղերձ չընկալել եւ չկարդալ այդ քաղաքական տեքստը, որը թաքնված է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինությունների տրամադրման տակ»: Սա, ըստ քաղաքագետի, ապացույցներից մեկն է, որ ՌԴ-ն շահագրգիռ չէ կողմերի միջեւ վստահության ձեւավորման համար:

Այս ամենի համատեքստում, ըստ բանախոսի, կրակովյան հանդիպումը առարկայական բան չի փոխելու նախկին պայմանավորվածությունների իրագործման եւ բանակցային գործընթացի վերակենդանացման համար, մանավանդ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը նման ուղերձներ է շարունակում հղել:

Նա վստահ է, որ ՌԴ-ի նման կեցվածքը Հայաստանի հանրային կարծիքի վրա անպայման ազդեցություն կունենա, անգամ եթե պաշտոնական Երեւանը ոչինչ չասի: «ՌԴ-ն իր բիզնես քայլով բերելու է հայ ռուսական հարաբերությունների վատթարացման»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031