Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ գյուղնախարարի, եթե մենք ուզում ենք, որ գյուղացին մնա գյուղում, մսի բարձր գինը պետք է հանդուրժենք

Հունվար 23,2018 15:20

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր թանկացումների մասին ԱԺ լսումների ժամանակ ասաց. «Գյուղմթերքը թանկացել է՝ կարտոֆիլը, կաթը, միսը, ինչ պետք է անենք, որ բնակչության վրա դա մեծ ազդեցություն չթողնի, հատկապես՝ սոցիալական խմբերի համար: Իհարկե, մեծ բեռ է սպառողի համար, երբ թանկանում է, բայց մեր գյուղացին եւս սպառող է»: Եթե թանկացումն արդարացված է, նա ասաց, որ պետք է սուբսիդավորեն:

Առաքելյանը նշեց, որ «Անցյալ տարի գյուղնախարարությունն աշխատել է բարձրացնել արդյունավետությունը եւ մեղմել գների բարձրացումը եւ ասել, թե ոչ մի բան չի արվել կառավարությունում՝ թանկացումները մեղմելու համար, արդարացի չեն»: Կարտոֆիլի թանկացմանն անդրադառնալով՝ նա ասաց, որ այսօրվա թանկացումը հիմնականում արտահանման հետ է կապված: Նոր օրենսգրքով սերմերի թանկացումը չի ազդելու կարտոֆիլի գնի վրա. «Այսօրվա կարտոֆիլագործությունը ՀՀ-ում եւ հիմնականում գյուղատնտեսությունը շատ ցածր որակի է եւ չկիրառելով բարձր տեխնոլոգիաներ, մենք միշտ կլինենք թանկ ու անորակ»:

Պարարտանյութի հետ կապված Իգնատի Առաքելյանն ասաց, որ չեն սուբսիդավորելու, որովհետեւ անցյալ տարի 5000 դրամ սուբսիդավորումը 1 հա-ի համար որեւէ օգուտ չտվեց, արդյունավետությունը չբարձրացրեց եւ գինը չիջավ: Նա ասաց, որ այդ ծրագիրը հանել են եւ փոխարինել այլ ծրագրերով,որոնք արդյունավետ կլինեն: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը մարզերից նախօրոք պատվերներ է հավաքելու, ակնկալվում է շուկայում ազոտական պարարտանյութի 7000 դրամ գին:

Նախարարն ասաց, որ դիզվառելիքի թանկացումը գյուղատնտեսության վրա թե ինչ ազդեցություն կունենա, իրենք վերլուծել են ու պարզել՝ հիմնականում խաղողի, լոլիկի, կարտոֆիլի բերքի 1 կգ-ի վրա 1-1.5 դրամի ազդեցություն է ունենալու: Հիմնականում կազդի ցորենի, հացահատիկի բերքի վրա՝ 3.5 դրամով:

Ինչ վերաբերում է մսի գնին, նախարարն ասաց, որ մսի այս բարձր գինը անասնապահության զարգացմանն է բերում, այսօրվա պահանջարկը դրսի շուկայի ապացուցում է, որ մեզ մոտ մսի գինը ցածր էր եւ թույլ չէր տալիս անասնապահությունը զարգացնել եւ եթե մենք ուզում ենք, որ գյուղացին մնա գյուղում, անասնապահությամբ զբաղվի, գյուղատնտեսությունը զարգացնի եւ արտադրանք տա, ավելի կողմնակից պետք է լինենք մսի այս գնին, հակառակ դեպքում կունենանք դրսից ներմուծված ապրանքներ:

Ըստ նրա, գյուղատնտեսությունում հետաքրքրություն է առաջացել, կան քաղաքացիներ, որ տեղափոխվել են գյուղ եւ սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ՝ օրգանիկ եւ ոչ օրգանիկ ու ստանում են եկամուտներ. «Հետեւաբար, դիզվառելիքի գինը չի կարող ազդեցություն ունենալ գյուղատնտեսության որեւիցե արտադրանքի վրա, բայց մենք ունենք մի քանի կոմպոնենտներ, որոնք իրար հետ միասին կարող են 5 դրամի ազդեցություն ունենալ»: Նա ասաց, որ մթերող ընկերությունների հետ են հանդիպելու եւ առաջարկելու են, որ մթերման գները բարձրանան, եթե դրա կարիքը կա»:

Իսկ սուբսիդավորման հետ կապված մանրամասները կասեն առաջիկայում, թե որ ուղղություններով եւ ինչքան են սուբսիդավորելու: Իգնատի Առաքելյանն ասաց, որ վերամշակման համար լիզինգի ցուցակն ընդլայնելու են, ներառելու են ջերմոցային փոքրիկ տնտեսություններ: Նախարարը նաեւ ասաց, որ եթե կարողանան ներդրումներ լինել եւ բարձր տեխնոլոգիաներ ներգրավել, այդ դեպքում կապահովեն մրցակցային արտադրանք եւ պարենային անվտանգություն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցրեց՝ բա եթե ներդրողներ չլինեն, ի՞նչ պիտի լինի վիճակը, պետությունը որեւէ գործ ունի՞ այդ ամենի մեջ: Նախարարը պատասխանեց, որ պետությունը կարող է լինել ներդրող, բայց կունենա առավելություն մասնավոր ներդրողի նկատմամբ եւ կստեղծվի անհավասար պայմաններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031