Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում լուսանկար է տեղադրել՝ հայտարարելով, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների ստորագրություններով իր շապիկը նվիրաբերում է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը:
«Շնորհակալություն եմ հայտնում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր օգնել են «Միկի» վավերագրական ֆիլմի ստեղծմանը: Ես Մանչեսթեր Յունայթեդի շապիկը՝ ստորագրված բոլոր անդամների կողմից, նվիրաբերում եմ Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը»- գրել է Մխիթարյանը:
Մեկ այլ գրառման մեջ Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Մանչեսթերի» իր երկրպագուներին և ակումբի անձնակազմին:
«Ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հատնել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին ու անձնակազմին և հատկապես երկրպագուներին նրանց սիրո, կրքի և աջակցության համար: Ես պատիվ եմ ունեցել մնալու ձեր հրաշալի ակումբի պատմության մեջ՝ հաղթելով Եվրոպայի լիգայի գավաթը: Ես միշտ կհիշեմ այդ պահը և այդ խաղը: Եվ Նվերների օրը իմ կարիճ հարվածը և ամեն անգամ դաշտ մտնելիս «Մխիթարյան» երգը: Ես կարող եմ թվարկել բազում այլ հիշողություններ, ես վայելել եմ մեր միասին կիսած և տոնած յուրաքանչյուր պահ: Իմ կարիերայի այս փուլում ես պարզապես պետք է վայելեմ պահը դաշտում և խաղամ: Ի խորոց սրտի շնորհակալ եմ և ձեզ բոլորիդ մաղթում եմ լավագույնը: Կյանքը շարունակվում է»,- գրել է նա:
Նշենք, երեկ պաշտոնապես Հենրիխ Մխիթարյանը դարձավ «Արսենալի» խաղացող: Ի դեպ, «Արսենալը» իր ֆեյսբուքյան էջի հետնանկար է տեղադրել Մխիթարյանի՝ «Արսենալի» շապիկով նկարը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ