Հունվարի 31-ին՝ լիալուսնի փուլում, Լուսինը հատկապես մոտ կլինի Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ և ավելի պայծառ։ Հունվար ամսվա ընթացքում սա երկրորդ «գերլուսինն» է (1-ինը տեղի ունեցավ հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը): «Երկնագույն Լուսին». պայմանականորեն այսպես է կոչվում լիալուսնի՝ ամսվա մեջ 2 անգամ երևալը: Իրականում Լուսինն իր գույնը չի փոխելու, կապույտ չի դառնալու: Անվանումն անգլիական «Once in a Blue Moon» դարձվածքից է, որը նշանակում է հազվադեպ, ոչ հաճախ հանդիպող: Նման երևույթ հիմնականում տեղի է ունենում 2-3 տարին մեկ:
Հունվարի 31-ին կդիտվի նաև Լուսնի խավարում։
Խավարման ժամանակ Լուսինն աստիճանաբար մգանում և հետո դառնում է մուգ կարմրավուն, արյան գույն: Այդ պատճառով այն հաճախ անվանում են արյունոտ լուսին, իսկ Գերլուսնի դեպքում՝ «Արյունոտ Գերլուսին», որն, իրոք, շատ հազվագյուտ երևույթ է:
Խավարումն ավելի լավ տեսանելի կլինի Կենտրոնական և Արևելյան Ասիայից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից, Ինդոնեզիայից: Հայաստանում կդիտվի մասնակի խավարում։
Հետաքրքրական է, որ դրանից երկու շաբաթ անց՝ փետրվարի 15-ին, երբ Լուսինը կհայտնվի Երկրի և Արեգակի միջև, կդիտվի արդեն Արեգակի խավարում։
Բյուրականի աստղադիտարան